«Խնդիրը Վրաստանի հետ է և գուցե քաղաքական». կարծիք՝ ՀՀ-ից կոնյակի արտահանման մասին
Հայկական կոնյակի՝ Վրաստանով արտահանման խնդիրները
Մայիս ամսվա սկզբից հայ կոնյակագործները բարձրաձայնում են այն մասին, որ հարևան Վրաստանը Ռուսաստան արտահանվող կոնյակի լրացուցիչ փորձաքննություններ է պահանջում։ Օրեր առաջ այդ հարցով Թբիլիսի է մեկնել Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել 55 բեռնատար, այնուհետև 72 և ևս 24 մեքենա։ Ուշագրավ է, որ այս տերմինալում ստուգվում են խիստ վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաները։
Չի հաղորդվում՝ ինչու է վրացական կողմը որոշել փորձաքննություն պահանջել, եթե տարանցիկ երկիր է հանդիսանում։ Նշվում է միայն, որ այսուհետ գործընթացը կիրականացվի «փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով»։
«Կապահովվի անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։ Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով»,- հավելել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Դա նշանակում է, որ վրացական լաբորատորիաներում այլևս երկարատև ստուգումներ չեն կատարվի։ Դրանց պատճառով հայկական բեռնատարները մինչև 50 օր կանգնած էին մնում սահմանին։ Արդյունքում՝ վնասներ էին կրում և՛ արտադրողները, և՛ փոխադրողները։ Բեռը ժամանակին չմատակարարելու հետևանքով՝ նրանք ստիպված էին նաև տուգանքներ վճարել պատվիրատուներին։
Տնտեսագետ Աղասի Թավադյանը հիշեցնում է՝ Հայաստանն ու Ռուսաստանը նույն տնտեսական միության՝ ԵԱՏՄ անդամ են։ Ասում է՝ ապրանքների ազատ տեղաշարժի կանոնն է խախտվել։ JAMnews-ը Թավադյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Մոսկվան է պնդել, որ Վրաստանը լրացուցիչ ստուգի բեռը։
«Մոսկվան ավելի շատ ազդեցություն ունի Հայաստանի, քան թե Վրաստանի վրա։ Եթե նախկինում ռուսական սահմանին բեռ է կանգնեցվել, դա արել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը։ Այս պարագայում այդպիսի քայլ չի արել։ Ինչի՞ համար ՌԴ-ն պետք է դիմի Վրաստանին, եթե ինքնուրույն կարող է այդ քայլն անել։ Այսինքն՝ մեր խնդիրը, ոչ թե Ռուսաստանի հետ է, այլ Վրաստանի»,- պատասխանել է տնտեսագետը։
Կարծում է՝ պատճառները կարող են լինել առևտրատնտեսական կապերից դուրս, օրինակ՝ քաղաքական։ Հնարավոր քաղաքական դրդապատճառների մասին լրագրողները հարցրել էին նաև Էկոնոմիկայի նախարարին։
«Չեմ պատասխանի այդ հարցին։ Եթե մենք նպատակ ունենք խնդիրը լուծելու, չեմ կարծում, որ լավ բան է՝ դուք ինձ ստիպեք, որպեսզի ես ինչ-որ գնահատականներ տամ: Կարծում եմ, որ հնարավոր է խնդիրը լուծել»,- հայտարարել էր Պապոյանը։
- «Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
- ՌԴ ազդեցությունը Վրաստանում աճում է, ՀՀ-ում՝ նվազում. ամերիկյան հետախուզության զեկույցը
- «ՀՀ շահերից է բխում Վրաստան-Արևմուտք կապերի վերականգնումը»․ կարծիք Երևանից
- «Դեպի ՀՀ Ֆրանսիայի ուղին անցնում է Վրաստանով»․ կարծիք Երևանից
Երկու չկայացած այց. ի՞նչ էր նախորդել թբիլիսյան հանդիպմանը
Մինչ այս պահը պաշտոնական Թբիլիսին ստեղծված խոչընդոտների մասին մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Հունիսի սկզբին երկրի Ֆինանսների նախարարությունը հերքել էր հայկական կոնյակի և գինու առաքումներն ուշացնելու մասին լուրերը, պնդել, թե՝ «ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում»։
Հայ կոնյակագործները մայիս ամսին մի քանի ակցիաներ էին իրականացրել Հայաստանի կառավարության, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ «պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել»։
Լուծմանը, սակայն, տնտեսվարողները երկար սպասեցին։ Նախ չեղարկվեց նախարարի սպասվող այցը Թբիլիսի, այնուհետև չկայացավ Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան։ Ի վերջո, հունիսի 23-ին Վրաստան մեկնեցին Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը։ Դրանից հետո հայկական կոնյակի բացթողումը Վրաստանի մաքսային պահեստից վերսկսվել է։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Աղասի Թավադյանն ասում է՝ տարանցիկ փոխադրման պարագայում ապրանքները Վրաստանի տարածք են անցնում փակ՝ կնքված կոնտեյներների մեջ, որոնք այնտեղ չեն բացվում։
«Ըստ էության, դե յուրե դրանք Վրաստան չեն մտնում։ Վրաստանը ինչի՞ համար է խոչընդոտում առանց հստակորեն պատճառաբանելու։ Միգուցե քաղաքական հարց է»,- նկատում է նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ Վրաստանի կառավարությունը պետք է հստակ ներկայացնի, թե ինչ իրավական հիմքերով է կանգնեցրել ապրանքների փոխադրումը։
Թավադյանի խոսքով՝ խախտվել է ԵԱՏՄ երկրների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև «ապրանքների ազատ տեղաշարժի կանոնը»։
«Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի՝ միության անդամ պետությունների միջև պետք է անխափան կատարվի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի փոխանակություն»,- մանրամասնել է նա։
Թավադյանի համոզմամբ՝ ռուսական կողմն ունի կոնյակի որակի վերաբերյալ կասկածների տեղիք, քանի որ որոշ կոնյակագործներ խմիչքը պատրաստում են «ոչ թե խաղողի սպիրտի, այլ արտերկրից բերված էժանագին սպիրտների հիման վրա»։
Մյուս կողմից նկատում է՝ եթե Մոսկվան ցանկանար լրացուցիչ փորձաքննությունների պահանջ ձևակերպել, դա կաներ «Ռոսպոտրեբնադզոր»-ի միջոցով, ինչպես մինչև հիմա է արել։
Տնտեսագետը դժվարանում է ասել՝ ի՞նչ չափի վնասներ են հասցրել կրել հայ տնտեսվարողներն ու երկրի տնտեսությունը։ Սակայն պնդում է՝ խոչընդոտները, բնականաբար, բացասաբար են անդրադարձել, քանի որ հայկական կոնյակի մոտ 80 տոկոսն արտահանվում է հենց Ռուսաստան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայկական կոնյակի՝ Վրաստանով արտահանման խնդիրները