Հայկական բանակում շարունակվում են զինծառայողների մահվան դեպքեր գրանցվել։ Փետրվարի 12–ին միանգամից երկու զինծառայող է զոհվել Լեռնային Ղարաբաղի երկու տարբեր զորամասերում։ Տիգրան Մանվելյանն ու Տիգրան Մխոյանը 2000 թ–ին էին ծնվել։ Նրանք գլխի շրջանում հրազենային վնասվածք են ստացել և երկուսն էլ մահացել հիվանդանոց տեղափոխվելիս։
Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելը» հոդվածով։
2020 թ–ի սկզբից հայկական բանակում խաղաղ պայմաններում արդեն 12 զինվոր է զոհվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը․
«2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։ Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն [ապրիլի հինգին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է նշանակվել, որն ակտիվորեն քննարկվում է իշխանությունների և հասարակության կողմից – JAMnews]։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»։
JAMnews–ը հետևում է իրավիճակին։ «Խաղաղության երկխոսություն» հասարական կազմակերպության հետազոտության արդյունքներով հրապարակման հղումը ներկայացնում ենք ստորև