Հայաստանի առցանց լրատվամիջոցները հուլիս ամսին ամենաշատը մեջբերել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի խոսքերը: 130 առցանց աղբյուր նրան հիշատակել է 909 անգամ:
Ամենահիշատակված կանանց վարկանիշում նա առաջ է անցել Հայաստանում այժմ շատ պոպուլյար Աննա Հակոբյանին՝ վարչապետ Փաշինյանի տիկնոջը: Նրան հիշատակել են 525 անգամ: Եռյակն ավարտում է Երևանի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ 523 հրապարակում արդյունքով: Հուլիսին նրա մասին շատ են գրել որպես քաղաքապետի թեկնածուի:
Նաիրա Զոհրաբյանը առաջին հորիզոնականում է հայտնվել մի քանի տեղեկատվական առիթի շնորհիվ:
Առաջին հերթին, նա ակտիվորեն պայքարել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ազատ արձակման համար, որոնք ժամանակին գրավել էին ՊՊԾ գունդը և պայքարում էին նախորդ իշխանությունների դեմ:
Բացի այդ, նա գլխավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին:
Նա մեծ ակտիվություն է ցուցաբերել նաև սոցիալական հարցերի և խնդիրների լուծման հարցում՝ ընդհուպ մինչև աղբահանություն: Հուլիսին նա թունավորումով տեղափոխվեց հիվանդանոց այրվող աղբավայրի շրջակայքում նկարահանումներ իրականացնելու պատճառով:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կնոջն, ապա նա ամուսնու հետ միասին ներկա է գտնվել Հայաստանում շատ սիրված «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, հասցրել է որդուն բանակ ճանապարհել, ինչպես նաև հիմնել է «Իմ քայլը» հիմնադրամը (համանուն շարժման պատվին, որը սկսվել է նրա ամուսնու նախաձեռնությամբ և որի ճնշման տակ հրաժարական տվեց նախորդ իշխանությունը): Այդ ամենը նրան թույլ է տվել երկրորդ տեղը զբաղեցնել:
Երրորդ տեղը բաժին է ընկել Զարուհի Փոստանջյանին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու շնորհիվ:
Հուլիսին ամենահիշատակվող կանանց տասնյակում է հայտնվել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, մի քանի գործող կին-նախարարներ, ներկայիս նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու նախկին նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:
Իր մեդիամոնիթորինգի և մեդիավարկանիշի արդյունքները ներկայացրել է «Մեդիամաքս» առցանց պարբերականը: