Հայաստանի վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է
21:55, ապրիլի 28
Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, ևս չի առաջադրի վարչապետի սեփական թեկնածու:
«Ամբողջ թիմով, ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին, մենք թեկնածու չենք առաջադրելու, ժողովուրդը ում կհայտարարի, մենք էլ մեկ մարդու պես սատարելու ենք նրան»,— հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
19:40, ապրիլի 28
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նշել է, որ առայժմ չի կարող ասել, թե ում օգտին կքվեարկեն Հանրապետական պատգամավորները մայիսի 1֊ին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին:
«Թե ում կքվեարկենք՝ կապված է նրա հետ, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան թեկնածուները», ֊ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
14:00, ապրիլի 28
Հայաստանի իշխանությունների դեմ պայքարող շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Դիլիջան քաղաքի բնակիչների հետ: Նրան ուղեկցում էր իր համակիրների ավտոշարասյունը:
Պաստառներով և դրոշներով մարդիկ կանգնեցրել են ավտոերթը և ողջունել Փաշինյանին: Գագարին գյուղի բնակիչներն անգամ ցանկացել են գառ մորթել, բայց ընդդիմադիր պատգամավորը թույլ չի տվել:
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժողովրդին վարչապետի ընտրության նախորդ օրը՝ ապրիլի 30-ին, և ընտրության օրը՝ մայիսի 1-ին, հեղեղել Երևանի փողոցները:
«Այս հաղթանակը կերտել է ձեզնից յուրաքանչյուրը: ՀՀ-ում այլևս ժողովրդի իշխանություն է հաստատվել, սրանից հետո որևէ այլ կերպ չի լինելու: Վարչապետը, կառավարությունը մնացած պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին: Ով չի ուզում ծառայել ժողովրդին, պետք է ազատի պաշտոնը»,- հայտարարել է Փաշինյանը:
Մինչ այս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպում է տեղի ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև:
Իշխող «Հանրապետական» կուսակցությունն առայժմ չի հրապարակել իր դիրքորոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ: ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ վարչապետի «համաժողովրդական» թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելը բացառվում է:
Դա այն դեպքում, որ շարժման ներկայացուցիչները պահանջում են և պայքարում, որ այդ պաշտոնում լինի հենց իրենց առաջնորդ Փաշինյանը և բացառում են այլ թեկնածուի պաշտոնավարումը:
Եվ արդեն ՀՀկ-ի ներկայացուցչների մեջ գտնվել են այնպիսիք, որ կարծում են. ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն այլևս չպետք է հանդես գա վարչապետի սեփական թեկնածուով:
Պատգամավոր Կարեն Կարապետյանն ասել է.
«Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները»:
«Հանրապետական» մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ կոչ է արել Նիկոլ Փաշինյանին իրեն ու իր գործընկերներին համոզել, թե ինչու պետք է քվեարկեն իր օգտին.
«Եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին»: