Հայաստանի վարչապետն առավոտյան անդրադարձել է իրավիճակին և իր կարծիքը հայտնել, թե ինչու են կրկին մեծ թվով մարդիկ վարակվել․
«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»:
Սակայն նախորդ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զգուշավոր լավատեսություն էր հայտնել և տեղեկացրել, որ հակահամաճարակային շարժումը Հայաստանում դրական միտումներ է արձանագրել․
«Չնայած մեծ բացարձակ թվերին` վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:
Անխտիր բոլորս պետք է. կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»:
Facebook-ի իր էջում Արսեն Թորոսյանը նաև տեղադրել է հակահամաճարակային վարքականոնների հիշեցման այս պատկերավոր տարբերակը։