Պարետատան հերթական նիստից հետո ավանդական դարձած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը կրկին հորդորեց բոլորին պահպանել հակահամավարակային վարքականոնները, հատկապես՝ դիմակ կրել։
Նրա խոսքով, միջազգային հեղինակավոր հետազոտղներ եկել այն եզրակացությանը, որ դիմակները այս վիրուսի դեպքում առավել վճռորոշ ազդեցությունն ունեն և էականորեն նվազեցնում են դրա տարածումը:
Նիկոլ Փաշինյանը բերեց եվրոպական՝ կորոնավիրուսից առավել տուժած երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի օրինակը, որոնք հաղթահարել են տարածման բարձր ցուցանիշները՝ դիմակներ կրելու շնորհիվ։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը փաստեց․
«Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չեն կարողացել մեր հայրենակիցներին համողզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակաբանային ամենապրիմիտիվ, ընդ որում, ամենաէֆեկտիվ միջոցը։ Խոսքը դիմակներ կրելու մասին է․․․ Ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող վարչական վարույթների, լայնածավալ քարոզչության․․․ մարդիկ զանգվածաբար դիմակ չեն կրում, և սա համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»։
Վարչապետն տեղեկացրեց, որ կառավարությունը կխստացնի վարչական մեթոդները՝ ակնկալելով մարդկանց գիտակցված մոտեցումը խնդրի լուծմանը և ինքնակամ կանոններին հետևելը։ Դրանց թվում են նաև սոցիալական հեռավորություն պահպանելը և ձեռքերը ախտահանելը։
«Կանոնները չպահպանելով՝ մեր հազարավոր քաղաքացիներին դատապարտում ենք մահվան․․․ Կրեք դիմակ՝ փրկեք կյանքեր։ Ընդ որում, հիմա չասենք․ կրեք դիմակ՝ փրկեք կյանքեր, հիմա մե՛ր կյանքերը փրկենք, որովհետև հիմա արդեն ուրիշների մասին չի խոսքը, հիմա արդեն մե՛ր բոլորի մասին է խոսքը», — եզրափակեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը։