Հայաստան․ բողոքի ակցիա ԱԱԾ շենքի մոտ, որտեղ հարցաքննվում է խոշոր բիզնեսմենը և ընդդիմադիր կուսակցության առաջնորդը
Կիրակի՝ հունիսի 14–ի առավոտյան, խուզարկություն է կատարվել խոշոր գործարար և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։
Խուզարկությունից հետո նա հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության։ Դրա շենքի դիմաց միաժամանակ բողոքի ակցիա են անցկացնում «Բարգավաճ Հայաստանի» կուսակիցներն ու համախոհները՝ չնայած նրան, որ երկրում զանգվածային միջոցառումներն արգելված են։ Երկրում դեռևս շարունակվում է կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ դրության ռեժիմը, և ոստիկանները պարբերաբար ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։
Գագիկ Ծառուկյանն ու նրա կողմնակիցները կատարվածը քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց կարծիքով, դա իշխանությունների պատասխանն է «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի կառավարությունը փոխելու կոչին։
Խուզարկության և հարցաքննության պատճառների մասին
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին պատկանող ընկերությունների ապօրինի գործունեության մասին հայտարարությամբ է հանդես եկել, որի հետևանքով պետությանը տասնյակ միլիոնավոր դոլարի վնաս է հասցվել։
- «Այստեղ կապրեմ, քանի դեռ իմ երկրում անհանգիստ է»։ Հայաստանում ապաստան հայցողների մասին
- Հայաստանի վարչապետն ապաքինվել է և վերադարձել աշխատանքի։ Նրա վերադարձն ուղեկցվել է «ուժայինների» հրաժարականներով
Այնուհետև ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել է այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու փաստեր են բացահայտվել։ Խոսքը 2017 թ–ի խորհրդարանական ընտրությունների մասին է։ Հաղորդվում է նաև տասնյակ խուզարկությունների մասին, որոնց ընթացքում փաստաթղթեր են առգրավվել։ Եվ դրանց մեջ, ըստ ԱԱԾ հայտարարութաան, ընտրակաշառք բաժանեու փաստը հաստատող մանրամասն տվյալներ կան։
«Իմ քայլն» իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, սոցցանցի իրենց էջերում փաստաթղթեր են հրապարակել, որոնցում նշվում է, թե ում և ինչու են գումարները տրամադրվել։
Ցուցակում կա նաև լրագրողներին տրամադրված գումար՝ 750 հազար դրամ (մոտ 1 500 դոլար) , «օգնություն բնակչությանը»՝ 3 մլն դրամ (ավելի քան 6 հազար դոլար)։
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
Իր տանն անցկացված խուզարկությունից անմիջապես հետո Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը հավաքված լրագրողներին և իր կողմնակիցներին հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում․
«Նրանք ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, բայց ես ասում եմ՝ որպես Ծառուկյան Գագիկ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպչում»։
Հունիսի 5–ին նա կոչ էր արել «100%–ով փոխել կառավարությունը»։ Նա հայտարարել էր, որ 2018 թ–ի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարությունը չի արդարացրել ժողովրդի հույսերն ու պետք է հեռանա։
Ծառուկյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ արդեն խոսել էր, որ կառավարությունը չի կատարում իր առջև դրված խնդիրները․
«Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, և որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»։
Նիկոլ Փաշինյանն օլիգարխի հայտարարությունը չէր մեկնաբանել։ Սակայն նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Ֆեյսբուքում գրել էր որ Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է իր անվան հետ կապված մի շարք քրեական գործերի հետաքննության ընթացքով․
«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»։
Կուսակիցների արձագանքը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները նույնպես կատարվածը քաղաքական հետապնդում են համարում։ Նրանք հայտարարում են, որ իրավապահ մարմինների գործողություններն ապօրինի են, ընտրակաշառքի մասին տարածվող փաստաթուղթը կեղծ է, իսկ երկիրը վերածվում է գործող իշխանությունների բռնապետության։
Նրանց կարծիքով՝ իշխանությունները քաղաքական բռնաճնշումներ են սկսել ընդդիմադիր կուսակցության դեմ և չապացուցված մեղադրանքներ հնչեցրել իրենց առաջնորդի հասցեին՝ մոռանալով անմեղության կանխավարկածի մասին։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կուսակցության առաջնորդի շուրջ ծավալվող իրադարձությունները ֆարս է անվանել․
«Սա իշխող քաղաքական էլիտայի վերջի սկիզբն է։ Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում։ Մեր կուսակցության անդամներից և համախոհներից շատերի բնակարաններում ԱԱԾ աշխատակիցներ են։ Այս իշխանությունը պարզապես չի հանդուրժում այլախոհություն»։
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները կարծում են, որ բռնություն է տեղի ունենում ոչ միայն իրենց կուսակցության, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքացիների դեմ։ Նրանք հայտարարել են, թե իրենք տեղեկություններ ունեն, որ արդեն կա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում, ինչի համար հունիսի 15–ին խորհրդարանի նիստ կգումարվի նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։