Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից Փանիկ գյուղում անցկացված վարժանքները հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության դեմ սադրանք է անվանել:
«Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն», — հայտարարել է Փաշինյանը:
Գյուղի տարածքում տեղի ունեցած պայթյուններն ու կրակոցները խուճապ են առաջացրել բանկիչների մոտ, քանի որ նրանց չեն զգուշացրել վարժանքների անցկացման մասին:
Բազայի ներկայացուցիչների հետ հանդիպել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Հանդիպումից հետո նա հաղորդել է, որ զինվորականները ներողություն են խնդրել:
«Ասել են, որ եղել է ֆորսմաժորային իրավիճակ: Նրանք չեն պատրաստվել հենց այդ վայրում վարժանքներ անցկացնել: Վստահեցրել են, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն են խնդրել բնակիչներից:
Ծառայողական հետաքննություն է անցկացվում, մեղավորները կպատժվեն: Նրանք ասել են, որ միջոցառում են կազմակերպում, բաց դռների օր են կազմակերպում և կհրավիրվեն նաև բնակիչները, որպեսզի հանկարծ թշնամանք չառաջանա: Նրանք ասել են, որ մենք եղբայրական երկրներ ենք, դա պարզապես անփութություն է»:
Վարչապետի հայտարարությունը քննադատել է նախկին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ Փանիկ գյուղի միջադեպին այդքան սուր արձագանքելու անհրաժեշտություն չկար.
«Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր»:
Ըստ Աշոտյանի՝ «վտանգավոր է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը»: