Հայկական բանակում մեկ ու կես ամսում խաղաղ պայմաններում 13 մարդ է զոհվել։ Փետրվարի 12–ին Լեռնային Ղարաբաղի երկու տարբեր զորամասերում միանգամից երկու զինվոր է զոհվել, հաջորդ օրը՝ ևս մեկը։ Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելը» հոդվածով։
Զինծառայողների մահերի մասին լուրերը ալիք են բարձրացրել հասարակության մեջ։ Մարդկանց հատկապես զայրացրել էր ամեն հերթական զինծառայողի մահվան բոթի հետ տարածվող հայտարարությունն այն մասին, որ նա զոհվել է չպարզված հանգամանքներում։ Այդ առնչությամբ վարչապետ Փաշինյանը փետրվարի 17–ին խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին պաշտպանության նախարարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր դատախազն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատարը։
Մինչ պատասխանատու անձինք հաշվետվություն էին ներկայացնում հարուցված քրեական գործերի վերաբերյալ, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում իրավապաշտպանները։ Նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․
«Մենք դատապարտում ենք զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների շարունակվող դեպքերը, դատապարտում ենք դրանց առնչությամբ քաղաքական, իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության պասիվ դիրքորոշումն, անտարբերությունն ու լռությունը։ Մենք դատապարտում ենք գործերի ոչ լիարժեք բացահայտումն ու կոծկումը»։
Իսկ վարչապետի մոտ ուժայինների խորհրդակցությունից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որում, վերջապես, հետևյալ մանրամասներն են հրապարակվել․
«Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»։
ԶՈւ Գլխավոր շտաբը նաև կոչ է անում լրատվամիջոցներին, քաղաքական գործիչներին և փորձագետներին զերծ մնալ զինծառայողների մահվան դեպքերի մասին պաշտոնական աղբյուրների կողմից չհաստատված լուրերի տարածումից։ Գլխավոր շտաբը վստահ է, որ այդ տեղեկություններն օգտագործվում են որոշ «վերլուծաբանների» կողմից անձնական և քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով։