Հայաստանում բուռն արձագանք է առաջացրել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են չեզոքացնել իրենց քաղաքական նախորդներին
Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի հովանու տակ գործող ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերի մասին է: Երկուսն էլ «մարտի 1»-ի աղմկահարույց գործով մեղադրվում են «սահմանադրական կարգը տապալելու համար:
2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: Նրանք պնդում էին, որ իրականում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության արդյունքում նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը:
Բողոքի ցույցերը տևեցին 10 օր: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ կիրառվեց մարտական զենք, տասը մարդ զոհվեց: Այդ իրադարձությունների ժամանակ երկրի գործող նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: Սերժ Սարգսյանն այդ ժամանակ դեռ չէր անցել իր պաշտոնին:
«Ռուսաստանը որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ: Այդ պատճառով էլ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի խնդիրների տեսանկյունից, որոնց Հայաստանն անդամակցում է [խոսքը ՀԱՊԿ և ԵԱՏՄ մասին է — JAMnews]. Վերջին օրերին մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր մտահոգությունը Հայաստանի ղեկավարությանը: Հույս ունենք, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»:
Լավրովի հայտարարությունը հասարակությունում բողոք առաջացրեց, այդ թվում՝ Հայաստանի սոցցանցերում:
Սակայն երկրի ԱԳՆ-ն պաշտոնական, դիվանագիտորեն հավասարակշռված պատասխանով հանդես եկավ, որն, ըստ փորձագետների գնահատականի, պետք է հանգստացնի Մոսկվային:
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան», — հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նա հաստատել է նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը «հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումն է», և հիշեցրել է, որ այդ առաջնահերթությունն ամրագրված է խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում: