Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 134-ով՝ հասնելով 2066-ի։ Համավարակի տարածման ամբողջ ընթացքում դա դրական թեստերի ամենաբարձր ցուցանիշն է։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածներից երկուսը մահացել են։ Չի հաջողվել փրկել 47 և 69 տարեկան պացիենտների, որոնք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Առողջապահության նախարարը պարզաբանել է, որ ռեկորդային թվով վարակված քաղաքացիների
մեջ եղել են «իրար հետ շատ փոխկապակցված անձիք»․
«Վարակված անձը մասնակցել է հուղարկավորության արարողությանը: Կոչ ենք անում նման արարողություններին մասնակցել մարդկանց հնարավորինս փոքր կազմով եւ չհամարել, որ վտանգն անցել է»:
Իսկ առողջապահության
նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել
է․
«Բացի հուղարկավորության արարողության
վարակվածի մասնակցության դեպքից,
նոր դեպքեր են արձանագրվել մեկուսացվածների և կարանտինային գոտիներում գտնվողների
մոտ: Վարակի դեպքեր են հաստատվել նաև կանխարգելիչ ու զանգվածային ստուգումների
արդյունքում»:
Վերջին օրերին հետազոտությունների թիվն ավելացել է, օրական կատարվում է շուրջ
հազար թեստ:
Այս պահին թոքերի
արհեստական օդափոխության սարքին միացված է 6 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում է
գտնվում 17, ծանր վիճակում՝ 59 պացիենտ:
Առողջապահության նախարարը կարծում է, որ իրադարձությունների զարգացման այս պարագայում, հնարավոր է, թեթև դեպքերը չհոսպիտալացվեն․
«Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ որոշումը կկայացնելու օրը առավելագույնս ձգենք: Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք աշխատել վերջին օրերի ռեժիմով»:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 929-ի: Բուժված պացիենտներից ամենատարեցը 94-ամյա տատիկ է։
Ինչ վերաբերում է կառավարության մտադրություններին
ավելի մեղմել սահմանափակումները՝ հատկապես տնտեսվարողների համար, ապա արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի խոսքով, վարակի տարածման զարգացումից կախված՝ այս բոլոր որոշումները կարող են չեղարկվել․
«Եթե մենք տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքների եւ վարակի տարածման տեմպն աճում է այն աստիճանի, որ մտավախություն ունենանք, որ առողջապահության համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ապա միանշանակ ամենակոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։
Շատ կարևոր է, որ այն կանոնները, որոնք հաստատվում են՝ խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից․․․ Մոտակա օրերին արձանագրվող դեպքերը, նաև վարակվածների շրջանակը թույլ կտա վերջնական որոշում կայացնել»։
Այս պահի դրությամբ, դեռ կառավարությունը մտադիր է մայիսի 4-ից տնտեսական գործունեության որոշ էական ոլորտներ բացելու՝ պարտադիր կանոնների պահպանմամբ։
Փակ է մնալու կրթական համակարգը, սահմանափակումներ են գործելու մշակույթի, սպորտի
և մի քանի այլ ոլորտներում։