Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը և նրա հետ շփում ունեցած 31 անձինք մեկուսացված են
Մարտի 1-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: 29-ամյա քաղաքացին ժամանել էր Թեհրանից:
Փետրվարի 23-ից՝ Իրանում առաջին վարակվածների ի հայտ գալուց հետո, Հայաստանը 2 շաբաթով փակեց սահմանն այդ երկրի հետ՝ վիրուսի մուտքը կանխելու նպատակով: Բայց հատուկ հայտարարվեց նաև, որ սահմանափակումներ չեն լինի Իրանի և Հայաստանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
Նրանց համար հատուկ թռիչքներ են կազմակերպվում, որով և ժամանեց առաջին վարակվածը: Թեհրանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանից Հայաստան է վերադարձել մոտ 360 մարդ:
• Կորոնավիրուսը հարվածում է Վրաստանի տնտեսությանը
Բոլոր մանրամասները
Վարակվածի մասին առաջինը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գիշերը իր ֆեյսբուքյան էջում: Նա գրել էր, որ վարակվածը ժամանել է Թեհրանից փետրվարի 28-ին կնոջ հետ:
Արդեն ցերեկը առողջապահության նախարարը մամլո ասուլիս հրավիրեց և խորհուրդ տվեց խուճապի չմատնվել, այլ պարզապես պահպանել վիրուսների դեպքում անվտանգության կանոնները:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վարակվածը դեռ բուժում չի ստանում, քանի որ նրա մոտ չկա վիրուսի ոչ մի ախտանիշ, նույնիսկ ջերմություն չունի: Նրա կնոջ մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է, բայց նրա մոտ կարող է լինել ինկուբացիոն շրջան:
Նախարարը հատուկ շեշտեց, որ բոլոր ուղևորները ստուգում են անցել ինչպես Իրանում, այնպես էլ հայկական օդանավակայանում: Այս պահին արդեն մեկուսացված է 32 մարդ:
Կանխարգելիչ միջոցառումներ
Ինքնաթիռի ամբողջ շարքը, որտեղ վարակվածը նստած է եղել, հետևից և առջևից ևս 2 շարք՝ այս բոլոր մարդիկ մեկուսացված են։ Առողջապահության նախարարը կարծոում, որ եթե նույնիսկ նրանք բոլորը վարակված են, ապա չեն հասցրել վարակել էլի ինչ-որ մեկին:
Նա նաև հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածը չի շրջել քաղաքում տաքսիով: Օդանավակայանից նա տուն է եկել ծանոթների մեքենայով, ովքեր արդեն մեկուսացված են: Տանից հիվանդանոց նրան տեղափոխել են շտապօգնությամբ, նրա հետ շփում ունեցած բժիշկների խումբը նույնպես մեկուսացված է:
Արսեն Թորոսյանը գտնում է, որ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են, խուճապի մատնվելու առիթ չկա: Նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը, հիվանդների հետ շփման ժամանակ դիմակ կրել, հանդիպման ժամանակ չհամբուրվել և ձեռք չսեղմել:
Կորոնավիրուսի հետ կապված որոշում է կայացվել մեկ շաբաթ դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավանդական երթը չեղարկվեց
Հայաստանում մարտի 1-ին մշտապես ակցիաներ են անցկացվում 2008 թվականի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Այդ ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքների չընդունող ընդդիմադիրների ակցիան ցրելու ընթացքում զոհվեց 10 մարդ:
Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները հատուկ ուշադրությամբ են վերաբերվում այդ դեպքի քննությանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է այդ գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:
Եվ մարտի մեկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, չեղարկեց 2008թ. դեպքերի զոհերին հիշատակի հերթական երթը: Կուսակցության գրասենյակից հայտնեցին, որ ակցիան չեղարկվում է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի գրանցման պատճառով: