Աջ ղեկով մեքենաների վարորդներն այսօր բողոքի ավտոերթ են անցկացրել: Նրանք դժգոհ են Հայաստանի կառավարության մտադրությունից հաջորդ տարվա ապրիլի 1-ից ժամանակավոր արգելել նման մեքենաների ներմուծումը, իսկ հետագայում՝ վաճառքը և շահագործումը:
Աջ ղեկով մեքենաներ ունեցող 35.000 քաղաքացիներից մի քանի տասնյակը տևական ժամանակ է դժգոհում են այս առաջարկի դեմ: Այսօր նրանք հանդիպել են տրանսպորտի և կապի նախարարին և ներկայացրել իրենց բողոքը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ասել է, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը և շահագործումը անընդունելի է, քանի որ այդ մեքենաները վտանգավոր են երթևեկության համար: Նախարարը երկար զրուցել է վարորդների հետ, ընդգծելով այս հիմնավորումը. աջակողմյան վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Վարորդների կարծիքով, այս պնդումն անհիմն է:
«Ոստիկանությունից տվյալներ կան, որի համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև 11 տոկոսում են մասնակցություն ունեցել աջ ղեկով մեքենաները: Ասում եք, որ սա արվում է իբրև թե անվտանգության ապահովման համար: Մենք ցանկանում ենք, որ դա հիմնավորվի: Եթե աջ ղեկով մեքենաները մասնակցել են պատահարների 11 տոկոսին, դա չի նշանակում, որ դրանց մեղավորը հենց այդ վարորդներն են»,- ասել է բողոքին մասնակցող վարորդներից Գևորգ Աճեմյանը:
Նախարարին չի հաջողվել համոզել, ավելին, նա հրաժարվել է վարորդներից մեկի հետ երթևեկել և համոզվել, որ դա անվտանգ է: Վահան Մարտիրոսյանն ասել է, որ չի նստի աջ ղեկով ավտոմեքենա, որովհետև «կամիկաձե» չէ:
Վարորդների կարծիքով, սա ոլորտի ամենաակտուալ խնդիրը չէ, ավելի լավ կլինի, որ նախարարությունը նորոգի մարզեր տանող ավտոճանապարհները, գծանշումներ կատարի և տեղադրի երթևեկության նշաններն այնտեղ, որտեղ դրանք չկան:
Բողոցի ցույցի մասնակիցները շեշտել են, որ Հայաստանի պես երկրում, որտեղ դժվար է գումար վաստակել, չի կարելի արգելել մարդկանց վաճառել իրենց ունեցվածքը, երբ նրանք դրա կարիքն ունեն:
«Չեմ կարծում, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ է տալիս նման որոշումներ կայացնել: Հայաստանում բավական մեծ է աջ ղեկով մեքենաների քանակը, և այդքան մարդ իր մեքենայի ձեռքը կրակն է ընկնելու, եթե նման որոշում կայացնենք: Դա խնայողություն է, տարիների ընթացքում գնել եմ այդ մեքենան: Աստված չանի, եթե պետք լինի վաճառել այն, լուծել, օրինակ, առողջական խնդիր, ես արդեն չեմ կարողանա վաճառել այն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել: Սակայն նախարարը խոստացել է մտածել հնչած տեսակետների մասին և երեքշաբթի ներկայացնել իր որոշումը: