Հայաստանում բոյկոտում են ռեստորանը, որի տերը մարդկանց աչքի առաջ շուն է սպանել
Հայաստանում «Դիլիջան» ազգային պարկի տնօրենն իր ռեստորանի տարածքում մարդկանց աչքի առաջ շուն է գնդակահարել։
Սոցցանցերում մարդիկ բողոքի ալիք են բարձրացրել ռեստորանային համալիրի և դրա սեփականատիրոջ՝ Սուրեն Աղաջանյանի դեմ։ Նրանք պահանջում են պատժել մեղավորին, կիրառելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման մասին վերջերս ընդունված օրենքը։ Օրինագծի հեղինակ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պահանջում է Ազգային պարկի տնօրենի հրաժարականը։
Ի՞նչ է հայտնի կատարվածի մասին
Միջադեպի ականատեսները, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին «Գետափ» ռեստորանի մոտ, այդ մասին միանգամից հայտնել են ոստիկանությանը։ Սակայն դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտարարել են, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման մասին օրենքը դեռ ուժի մեջ չի մտել։
Միջադեպին առաջիններից մեկն արձագանքել է խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա պահանջում է Ազգային պարկի տնօրենի հրաժարականը։
Իսկ Facebook-ի իր էջում Նաիրա Զոհրաբյանն այսպես է մեկնաբանել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարությունը․
«Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն․․․ Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը արդեն գործում է, ուժի մեջ է և քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում»։
Զոհրաբյանը գրել է նաև, որ, ըստ ականատեսների, ի պատասխան իրենց վրդովմունքի, Դիլիջան քաղաքի փոխոստիկանապետն ասել է․
«Դե հա, իրա անասունն ա, ինչ կա դրա մեջ»։
Զոհրաբյանը վրդովված գրում է․
«Ողջ այս պատմության մեջ դեռ շատ մեծ հարց է ով է իրականում անասուն»։
Մեկնաբանություններ՝ գործի առնչությամբ
Դիլիջանի ռեստորանում կատարված միջադեպը բուռն արձագանք է առաջացրել։ Մարդիկ բառացիորեն պատերազմում են հայտարարել այդ հաստատությանն ու դրա տիրոջը։ Ռեստորանի էջը Ֆեյսբուքում լի է սպանված շան լուսանկարներով և այդ հաստատությունն այլևս չայցելելու կոչերով։
Միջադեպին արդեն արձագանքել է ոստիկանությունը։ Մամուլի ծառայության հայտարարությունում ասվում է․
«Պարզվել է, ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել․․․ Կատարվում է հետաքննություն»։
Տեղեկություններ են հայտնվել նաև ռեստորանի անունից։ Մեկնաբանությունում ասվում է, որ շունը կատաղած էր և սպառնում էր համալիրի այցելուների կյանքին։ Սակայն սոցցանցերի օգտատերերը չեն հավատում այս վարկածին և շարունակում են գրոհել ռեստորանի էջը։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթում միջադեպն ակտիվորեն քննարկվում է դեկտեմբերի մեկի երեկոյից։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Այս ռեստորան ոտք չեմ դնելու»։
«Դաժան արարք։ Մարդը, որը շուն է սպանում, մարդ էլ կսպանի։ Պետք է խայտառակ անել այդ ռեստորանն ու փակել»։
«Նրան պետք է դատել կամ նույն հրացանով սպանել»։
«Շնասպա՛ն։ Կենդանիների պաշտպանության մասին մեր նոր օրենքով նա կդատապարտվի, մինչև 3 տարի կնստեցնեն»։
«Որտե՞ղ է Հայաստանի ոստիկանությունն, ինչո՞ւ մինչև հիմա այդ այլանդակը կալանավորված չէ։ Անհապաղ պետք է քրեական գործ հարուցել և նրան բանտ նստեցնել։ Եվ բոլորը պետք է իմանան նրա պատժի մասին»։
«Այդ անասունին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ»։
«Այդ Սուրիկին սխալ էր Ազգային պարկի տնօրեն նշանակելը։ Դիլիջանում բոլորը գիտեն նրա բիզնեսի մասին և որքան ծառ է նա իր բիզնեսի համար կտրել…»։
«Պատասխան պետք է տա ոչ թե նա, ով կրակել է շան վրա, այլ ոստիկանապետի պաշտոնակատարը, որ մյուսների համար դա դաս լինի»։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման մասին օրենքը
2019 թ-ի աշնանը Հայաստանի Քրեական օրենսգրքում նոր հոդված հայտնվեց, որը պատասխանատվություն է ենթադրում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Նոր օրինագծի հեղինակները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են։
Օրենքը տնային և անտուն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար տուգանք է նախատեսում նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում։
Նոր օրենքում առանձին կետ կա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ հանցանքը կատարվում է մի խումբ անձանց կողմից՝ նախնական պայմանավորվածությամբ և առանձնահատուկ դաժանությամբ։ Այդ դեպքում օրինագիծը նախատեսում է նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով տուգանք և 1-3 տարվա ազատազրկում է։