Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կառավարության որոշմամբ երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը։ Արտակարգ դրության ռեժիմն արդեն 5-րդ անգամ է երկարաձգվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն պարզաբանել է, որ չերկարաձգելու դեպքում հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցներ․
«Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ։ Եվ պետք էլ չէ։ Եվ որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ միայն արտակարգ դրության, այլև արտակարգ իրավիճակի ռեժիմում»:
Վարչապետի խոսքով, Ազգային ժողովում այսօր կանցկացվի հատուկ նիստ, որի ընթացքում կքննարկվեն արտակարգ դրության երկարաձգման մանրամասները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 6-ին էր հայտարարել կառավարության մտադրության մասին՝ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։