Հայաստանում գրանցվել է թմրամոլների թվի աճ: Ցուցանիշը տարեկան ավելանում է 8-9%-ով: Չնայած դրան՝ Հայաստանը շրջանում թմրամոլների թվով դեռևս վերջին տեղն է զբաղեցնում:
Թմրանյութ օգտագործողների թվով առաջին տեղում Իրանն է: Այնտեղ 3.5մլն թմրամոլ կա: Մյուս հարևան երկրում՝ Վրաստանում, թմրանյութ է օգտագործում 400 հազար մարդ: Հայաստանի գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը նշում է, որ երկրում թմրամոլների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալները տարբերվում են իրական իրավիճակից.
«Հայաստանում գրանցված է 6 հազար 544 թմրամոլ: Սրանք պաշտոնական տվյալներն են, մարդիկ, ում մոտ թմրամոլություն է ախտորոշվել: Ըստ տարբեր հետազոտությունների՝ Հայաստանում, ոչ պաշտոնական տվյալներով, 30 հազար թմրամոլ կա, որոնցից 30 հազարը թմրանյութ է ստանում ներերակային ճանապարհով»:
Հայաստանում թմրամոլների զգալի մասը 30-50 տարեկան տղամարդիկ են: Գրանցված թմրամոլների թվում 7 անչափահաս կա: Պետրոս Սեմերջյանը կարծում է, որ, որպես կանոն, մարդիկ սկսում են թմրանյութեր օգտագործել պատանեկան տարիքում, սակայն օգնության են դիմում շատ ավելի ուշ, երբ առողջության հետ կապված խնդիրներ են առաջանում: Հայաստանում առավել շատ է տարածված կանեփն ու օպիումային թմրանյութերը:
Վերականգնողական կենտրոններ դիմած անձանց բուժման տևողությունը 10-40 օր է՝ կախված հիվանդի առողջական վիճակից: Հայաստանի գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը նշում է, որ բուժումը չի նշանակում, թե հիվանդն այլևս թմրամոլությանը չի վերադառնա.
«Թմրամոլների մի մասը հասնում է որոշակի փուլի և որոշում թողնել, սակայն չի ստացվում, քանի որ լուրջ կախվածության փուլում է գտնվում: Բուժումն անհրաժեշտ է, որպեսզի մարդ կարողանա հաղթահարել այդ փուլը: Բուժումից հետո նա կարող է կրկին թմրամիջոց օգտագործել: Դա հաճախ տեղի է ունենում շրջապատի ազդեցության տակ: Պատահական չէ, որ բուժումից հետո խորհուրդ է տրվում 6 ամսով կամ մեկ տարով ինչ-որ տեղ մեկնել»: