Հայաստանում Շենգեն գոտու դեսպանությունները 2015թ.-ի ընթացքում ստացել են 57787 դիմում-հայտ, որից 7105-ը մերժել են: Այս մասին հայտնել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների տրամադրման պարզեցման» համաձայնագրի մոնիթորինգի արդյունքները:
Գրիգորյանը նշել է, որ վիզայի դիմումների ընդհանուր թիվը նախորդ տարիների համեմատ աճել է, որովհետև Հայաստանը 2012-ին ստորագրել է վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագիրը: Այս փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, շատացել է նաև մերժումների քանակը. 2012թ.-ին մերժվել է վիզա ստանալու հայտերի 8 տոկոսը, իսկ 2015թ.-ին՝ ավելի քան 12 տոկոսը:
Ստեփան Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիների վիզա ստանալու դիմումները մեծամասամբ մերժվում են պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու պատճառով. «Թերի փաստաթղթեր են ներկայացվում: Գնում են դեսպանություն, իրենց հարցնում են՝ ի՞նչ նպատակով եք գնում, պատասխանում են, թե ախպերս ընդեղ «դվիժենի» ա անում, այնինչ հետո պարզվում է, որ մեկնում են գիտաժողովի: Մենք պետք է սովորենք հարգել խաղի կանոնները, պատշաճ փաստաթղթեր ներկայացնել»:
Փորձագետը շեշտել է, որ Հայաստանը այսքանով չպետք է բավարարվի և Վրաստանի օրինակով պետք է ստորագրի վիզաների ազատականացման համաձայնագիրը: Դրա շնորհիվ ՀՀ քաղաքացիները ոչ միայն ազատ կտեղաշարժվեն Եվրամիության տարածքով, այլև՝ կմեծանա Հայաստանում ժողովրդավարության մակարդակը, կգործի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը: