«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սևակ Խանաղյանը: Առաջին անգամ այս մրցույթի բեմից նա հնչեցնելու է ամբողջությամբ հայերեն երգ: Նախկինում Հայաստանը ներկայացնող երաժիշտների երգերի տեքստերը եղել են և հայերեն, և անգլերեն:
Այս տարվա երգը կոչվում է «Քամի»: Այն անհատի մենության մասին է: Հեղինակը հենց Սևակ Խանաղյանն է:
Հայաստանը ներկայացնող մասնակիցը ընտրվել է մի քանի փուլով: «Դեպի Եվրատեսիլ» նախագծում 50-ից ավելի մասնակից ներկայացրել էին իրենց երգերը: Ամեն շաբաթ հեռուստադիտողը ընտրել է իր ֆավորիտներին, որի արդյունքում նախագծում մնացել է լավագույն տասնյակը: Հաղթողն ընտրվել է հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ: Երկու քվեարկությունների արդյունքներով էլ Սևակ Խանաղյանն առաջատար է ճանաչվել:
Նա ծնվել է 1987թ. Հայաստանում: Դեռևս դպրոցական տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ ավարտել է Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը: Իր հարցազրույցներում երգիչը պատմել է, որ երաժշտության հանդեպ սերը փոխանցվել է հորից:
Մասնակցել է ռուսական «Главная сцена», «Голос», ուկրաինական «X factor» նախագծերին, որտեղ հաղթել է և դրանից հետո դարձել ճանաչված Հայաստանում: