Հայաստանի նոր կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել «Հյուսիս-Հարավ» նախագծից:
Ճանապարհի շինարարությունը, որը պետք է երկրի հյուսիսը կապի հարավի հետ, սկսվել է 2012թ-ին, սակայն մինչ օրս շահագործման է հանձնվել հինգ հատվածներից միայն մեկը: Իշխանությունները պետք է ֆինանսավորում գտնեն շինարարությունն ավարտելու համար, և, ըստ ամենայնի, դա միջազգային վարկատուների փողեր կլինեն:
«Ճանապարհի շինարարության ավարտի վերաբերյալ կոնկրետ հայտարարություն անելն անլուրջ կլինի: Մենք այդ մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ կունենանք մայրուղու ամբողջ ֆինանսավորումը, ինչպես նաեւ նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը», — հայտարարել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նախարարը հաղորդել է նաև, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու մեկ կիլոմետրը կարժենա 3.6 մլն դոլար, իսկ բարդ հատվածներում գինը կհասնի 12 մլն դոլարի: Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով՝ 490 կմ երկարությամբ մայրուղին ընդհանուր հաշվարկով կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար:
«Նախագծի նախնական արժեքը կազմում էր 1 մլրդ դոլար, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ այդ գումարն աճում է: Որովհետև մենք ցանկանում ենք առաջին կարգի ճանապարհ ստանալ: Բացի այդ, մեզ մոտ շատ են թունելներն ու կամուրջները, հատկապես Սիսիանի հատվածում:
Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ ճանապարի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այն մեծ տնտեսական նշանակություն է ունենալու մեզ համար: Մայրուղին հյուսիսում մեզ կկապի Վրաստանի, իսկ հարավում՝ Իրանի հետ: Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ», — հայտարարել է Աշոտ Հակոբյանը:
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին Հայաստանը կառուցում է վարկատուներից փոխառված միջոցներով: Վարկային միջոցների հիմնական մասը տրամադրել է Զարգացման ասիական բանկը: 2015թ-ից սկսած՝ Հայաստանը սկսել է մարել վարկը:
Էներգետիկ անվտանգության և տրանսպորտի մասնագետ Վահե Դավթյանը կարծում է, որ արժեքի կտրուկ բարձրացման հետևանքով նախագիծը կորցրել է իր նախնական գրավչությունը.
«Երբ խոսքը գնում էր 960 մլն դոլարի մասին, այս նախագիծը գրավիչ էր: Այժմ, երբ խոսքը գնում է 2մլրդ դոլարի մասին, հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար այդպիսի վարկային պարտավորություններ վերցնել, հատկապես հսկայական արտաքին պարտքի պայմաններում: Հայաստանում այսօր մի շարք նախագծեր կան, որոնք ռազմավարական, աշխարհաքաղաքական նշանակություն ունեն: Դրանք կարող էին ավելի զգալի տնտեսական արդյունք ապահովել: Խոսքն, օրինակ, ատոմակայանի, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին է»: