Հայաստանի նախագահ. «Արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ»
Կիսվել
Կիսվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ և հարկավոր է ամուր հիմքեր դնել՝ երկու ժողովուրդների միջև բնականոն շփումներ և խաղաղություն հաստատելու համար:
«Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի», — ընդգծել է Սարգսյանը:
Նախագահի խոսքով, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին նա չի տեսնում: Ուստի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է.
«Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձևավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի»:
Նախագահն ընդգծել է, որ այս պատճառով է Ադրբեջանն անընդհատ դիմում մանր ու մեծ սադրանքների, սրում իրավիճակն առաջնագծում՝ այդ ձևով հիշեցնելով իր խնդրի մասին:
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ այն մտայնությունը, թե Հայաստանը դատապարտված է ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է. «Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն»: