Հայաստանի զինծառայողներին ավելի շատ կվճարեն և բնակարան ձեռք բերելու արտոնություններ կտրամադրեն
Զինծառայողների աշխատավարձերն ու բնակարանները
Հուլիսի մեկից Հայաստանի զինծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն։ Այս որոշումը հաստատել է կառավարությունը։ Պաշտպանության նախարարն ասել է, որ զինծառայողների վարձատրության չափերը զգալիորեն բարձրացնելու նպատակով նաև հավելում է նախատեսվում որոշակի պաշտոնական պարտականությունների կատարման համար։
Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր բնակարան ձեռք բերելու կանոններն ու սերտիֆիկատների չափը այն զինծառայողների համար, որոնք ազատվել են զինվորական ծառայությունից՝ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով։ Այս ծրագրի կատարման համար կառավարությունը 5.7 մլրդ դրամ է տրամադրել։
«Երևանում բնակարան գնելու համար սերտիֆիկատը փոխհատուցում է միջին շուկայական գնի հիման վրա բազմաբնակարան շենքում բնակարանի շուկայական արժեքի 50%-ը։ Իսկ շրջաններում սերտիֆիկատը կծածկի գումարի 90%-ը», — հայտարարել է պաշտպանության նախարարը։
• Հայաստանում ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջին արդյունքները
• Հայաստանի զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կօգնի ավելի մեծ թվով տուժածների
• 100 փաստ վարչապետից՝ նոր Հայաստանի մասին
Ում և որքան
Միջինում զինծառայողների վարձատրությունը կաճի 10%-ով։ Պաշտպանության նախարարը նախագիծը կառավարությունում ներկայացնելիս ասել է․
«Մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելումներ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և պայմանագրային շարքային զինծառայողը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»։
Վարչապետը պարզաբանել է․
«Մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»։
Այսպես կոչված հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողները կստանան նաև հավելավճարներ՝ իրենց որոշակի ծառայությունների համար, ակդպիսով նրանց աշխատավարձի կամ դրամական բավարարաման մակարդակը շատ ավելի բարձր կլինի։ Այն նույնիսկ ավելին կլինի, քան բարձրագույն սպայական կազմի ու Զինված ուժերի ղեկավարության վարձատրությունը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ տոկոսային հարաբերակցության առումով բանակում աշխատավարձերի նման համաժամանակյա բարձրացում նախկինում չի եղել։ Սակայն զինծառայողների աշխատավարձերի հարցը շարունակելու է կառավարության ուշադրության կենտրոնում մնալ։
Ինչի՞ հաշվին է տեղի ունենալու բարձրացումը
2019 թ-ի առաջին ամիսներին ավելի շատ հարկ է հավաքագրվել, քան ամրագրված էր «հեղափոխական» կառավարության հավակնոտ ծրագրում։ 2019թ-ի պետբյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է 25%-ով և ավելացել 62 մլրդ դրամով [մոտ $127 մլն]։
Այս արդյունքների հրապարակումից անմիջապես հետո վարչապետը հայտարարեց, որ, առաջին հերթին, կավելացվեն զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը։
Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը կարծում է, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել ոչ թե տնտեսության աճի, այլ ստվերի դեմ պայքարի հաշվին․
«Այս տարվա պլանն ընդհանուր առմամբ կատարվելու է և գերակատարվելու է ստվերային տնտեսության հաշվին։ Եթե տնտեսական աճը մեզ դրանում օգնի, մենք շատ ուրախ կլինենք։ Հետագա տարիներին հույս ունենք, որ տնտեսական աճի գործոնը գերակշռող կլինի»։