Մայիսի 26-ի նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը գործադիրի անդամներին տեղեկացրել է, որ նախօրեին տիեզերք է արձակվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:
«2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Canaveral հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ արբանյակի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ «արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում»։ Արբանյակի արձակումը հնարավոր է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունքում։
Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը թևակոխում է «տիեզերական գործունեության դարաշրջան»․
«Մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»,- ընդգծել է վարչապետը։
Ըստ նրա՝ տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը կառավարության առաջնահերթ նպատակների շարքում են։
Արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը ստեղծվելու են մինչև 2023 թվականի ավարտը։
Ընդունիչ կայանի շուրջ ձևավորվելու է նաև «մասնագետների գիտագործնական թիմ»։ Նախնական պլանավորման համաձայն՝ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ է մատուցելու նաև արբանյակների այլ օպերատորների։
«Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության՝ ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»,- հայտնել է գործադիրի ղեկավարը։
Տեսանյութն ու լուսանկարները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից