Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ, իսկ ընտրողների թիվն ավելացել է 235 հազարով
Կիսվել
Կիսվել
2008-2017 թվականներին Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ և նույն ժամանակահատվածում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503 մարդով։ Այս թվերը, հայկական լրատվամիջոցների մեկնաբանությամբ, հանգեցնում են այն մտքին, որ Հայաստանից այդ տարիներին արտագաղթել են միայն 18 տարին չլրացած երեխաները։
Հայկական մեդիադաշտը քննարկում է վերջերս հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ երկրում այս պահին կա 2 մլն 564 հազար 334 ընտրող, մինչդեռ ԱՎԾ-ի վերջին տվյալների համաձայն՝ մշտական բնակիչների թիվը կազմում է 2 մլն 993 հազար 900 մարդ։ Այսինքն ընտրողները կազմում են Հայաստանի բնակչության 85 տոկոսը, այն դեպքում, որ ողջ աշխարհում ընտրողները կազմում են բնակչության առավելագույնը 65 տոկոսը։
Ի պատասխան այս մասին հրապարակումներին, ոստիկանությունը պարզաբանել է. ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, իսկ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակը չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այդ մարդիկ, թվերը կփոխվեն:
«ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից», — գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քաղաքացուն ընտրողների ցուցակից հանելու համար հարկավոր է, որպեսզի օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս այդ տվյալները կփոխանցի ԱԳՆ, որն էլ իր հերթին կուղղորդի դրանք ոստիկանություն: