«Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ»․ հարցման արդյունքներ
Անվտանգության հարցերի լուծում, բանակի հզորացում։ Ըստ Հայաստանի քաղաքացիների՝ այս խնդիրները պետք է առաջնահերթություն լինեն Հայադտանի նոր կառավարության համար։ Կարևոր են համարում նաև սոցիալական պայմանների բարելավումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը։ Գերիների վերադարձն առաջնահերթ խնդիր է դիտարկում հարցվածների ընդամենը 3 տոկոսը։
Սրանք “BREAVIS” հետազոտական ընկերության կողմից իրականացված հանրային կարծիքի վերջին ուսումնասիրության արդյունքներն են։ Հեռախոսային հարցումներին մասնակցել է 18 տարին լրացած 1504 քաղաքացի, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով։
«Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ»
Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Քաղաքացիների 41 %-ի կարծիքն է։ 34 %-ը մտածում է, որ պետությունը սխալ ուղղությամբ է գնում։ Հիշեցնենք, որ 2021թ. մայիսին անցկացված հարցման ժամանակ նման կարծիք էր հայտնել քաղաքացիների 20 %-ը միայն։
Անդրադառնալով բնակչության մեծամասնության շրջանում առկա տրամադրություններին՝ հարցվածների 29 %-ը նշել է, որ անապահովության զգացում, անհանգստություն ու վախ ունի ապագայի նկատմամբ, 17 %-ը նշել է, որ իր մոտ լիակատար հիասթափություն է, հավատի բացակայություն ցանկացած բարելավման հանդեպ։
2021թ. հունվարի համեմատ լիակատար հիասթափվածների թիվը նվազել է 7 %-ով, սակայն 4 %-ով ավելացել է անապահովության զգացում ու ապագայի հանդեպ վախ ունեցողների թիվը:
63 %-ը բավարարված է ընտրությունների արդյունքներով
Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով բավարարված է հարցվածների 63 %-ը, 29 %-ը ՝ բավարարված չէ։ Հարցին դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 8 %-ը ։
Հարցման մասնակիցների 77 %-ը մասնակցել է ընտրություններին։ Քվեարկելիս կուսակցության նպատակները, ծրագիրը կամ խոստումները հաշվի է առել միայն 37 %-ը ։
20 %-ին դուր է եկել կուսակցության ղեկավար անձը, 19 %-ը հաշվի է առել կուսակցության գործունեությունն ու ձեռքբերումները, 12 %-ն ընտրել է տվյալ ուժին, որովհետև «աջակցում է ՀՀ դեմոկրատական զարգացմանը», 11 %-ը չի ցանկացել, որ իշխանության վերադառնա նախկին վարչակարգը։
Ընտրություններին չմասնակցած քաղաքացիների 28 %-ն ընտրատեղամաս չի գնացել, քանի որ «ժամանակ չուներ»։
21 %-ը հայտնել է, որ կուսակցություններից ոչ մեկն իրեն չի ոգեշնչել, 11 %-ը չի հավատացել, որ ընտրություններով հնարավոր է փոփոխության հասնել:
Հարցման մասնակիցների 3 %-ը նշել է, որ հանդիսանում է որևէ կուսակցության անդամ։
Որո՞նք պետք է լինեն կառավարության և ԱԺ-ի առաջնահերթությունները
Հարցվածների 56 %-ը ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է համարել անվտանգության հարցի լուծումը:
Քաղաքացիները կարևորել են նաև բանակի հզորացումը, սոցիալական պայմանների բարելավումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը։ Գերիների վերադարձն առաջնահերթ խնդիր է համարել ընդամենը 3 %-ը։
Քաղաքացիները կարծում են, որ Ազգային ժողովն առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնի ռազմական ոլորտի և դատական համակարգի օրենսդրությանը։ Դատական համակարգին առնչվող օրենքներն առաջնահերթ է համարել հարցվածների 12 %-ը, ռազմական ոլորտինը՝ 11 %-ը։
Հարցվածների փոքր մասը (3-7 %) նշել է կրթության, տնտեսության, սոցիալական և առողջապահական ոլորտների օրենսդրության կարևորության մասին։
“BREAVIS” ընկերության կողմից իրականացված Հանրային կարծիքի ուսումնասիրությունն անց է կացվել «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ։ Տվյալները հավաքագրվել են ամբողջ երկրի տարածքում, 2021 թվականի հուլիսի 21-30-ը։