Հայաստանը նշում է առաջին հանրապետության 100 տարին
Հայաստանն այսօր նշում է առաջին հանրապետության 100 տարին: Մեկ դար առաջ այս օրը վերականգնվեց հայոց պետականությունը:
Տոնի առթիվ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հիմնական պաշտոնական արարաողությունը՝ «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը, երկրի ղեկավարության և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի Սարդարապատում՝ հերոսամարտի հուշահամալիրում:
«1918թ․ մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ պատկանում էր ժողովրդին, այդ պատճառով էլ այս երկիրը կոչվեց Հանրապետություն: Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ՝ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր, իհարկե, դա առայժմ միայն կարգավիճակի փոփոխություն էր, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով և արյունով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանն էլ ասել է, որ 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:
«Առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների», — ասել է նախագահը:
Առավոտյան, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվել է Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով:
«Մեր ժողովուրդը պատմության հազարամյակներում բազում հողմեր ու փոթորիկներ է տեսել: Բազում նվիրական հիշատակներ ունենք ծանր փորձություններից ու հարվածներից մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելու: Օրհասական պահերին մեր ժողովրդի դրսևորած վառ հայրենասիրության, կենաց ու մահու մարտերում ձեռք բերված հաղթանակների հիշատակներն այսօր զորացնում են մեզ մեր պետականությունը ամրապնդելու և հայրենիքը շենացնելու հանձնառության մեջ»,— ասել է վեհափառը: