Հայաստանը հակահայկական է համարել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագիրը
Կիևում, որտեղ ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը, ընդունվել է վեհաժողովի աշխատաքների 25-ամյակին նվիրված հռչակագիր: Խորհրդարանական 12 ազգային պատվիրակություններից 9-ը քվեարկել են հռչակագրի ընդունման օգտին: Հայկական պատվիրակությունը բոյկոտել է քվեարկությունը՝ նշելով, որ դրա մեջ առկա են հակահայկական ձևակերպումներ:
ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ հռչակագրում ներառված է տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման միայն մեկ իրավունք՝ տարածքային ամբողջականությունը, այնինչ միջազգային իրավունքի հիմնարար 3 սկզբունքները՝ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը չեն կարող առանձնացվել:
«Տարածքային ամբողջականության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 դրույթներից միայն մեկն է: Անթույլատրելի է հղում կատարել 10 դրույթներից միայն մեկին, որովհետև խեղաթյուրվում է Հելսինկայն եզրափակիչ ակտի մոտեցումը»,- ասել է Գևորգ Գորգիսյանը:
Հայաստանի պատվիրակությունը նշել է, որ հռչակագրի այս դրույթը մշակվել է մինչև լիագումար նիստի մեկնարկը, առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության, և այն օրակարգում է հայտնվել վերջին պահին:
Գորգիսյանը տեղեկացրել է, որ քվեարկությունը բոյկոտել է նաև Սերբիայի ազգային պատվիրակությունը, որը ևս չի մասնակցել հռչակագրի այս դրույթի մշակման աշխատանքներին: Իսկ 12-րդ անդամը՝ Ռուսաստանը, որը հնարավոր է աջակցեր Հայաստանին այս հարցում, չի մասնակցում նիստերին Ուկրաինայի հետ լարված հարաբերությունների պատճառով:
«Այն պետությունները, որոնք տարածքային խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, պնդում էին, որ այս ձևակերպումը հռչակագրում ներառվի: Նրանք գաղտնի կերպով հավաքվել ու քննարկել են, այս ձևակերպումը մտցրել հռչակագրում, ապա ներկայացրել քվեարկության»,- ասել է պատգամավորը:
Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասել է, որ վեհաժողովի կողմից ընդունված այս հռչակագիրը իրավական հետևանքներ չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, որովետև այն ընդունվել է խորհրդարանների համագործակցության հարթակում:
«Սա… պարզապես անցանկալի դրսևորում է: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք, բավական լուրջ քննարկումներ ենք ծավալվում, մենք մեր դժգոհություններ ենք հայտնել, որ նենգաբար կողմնակալ քաղաքականություն է իրականացվել ՀՀ նկատմամբ»,- ասել է Էնֆիաջյանը: