Հայաստանը կրկին մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա
Կիսվել
Կիսվել
Հայաստանը, Ռուսաստանի աջակցությամբ, սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռուսական կողմը առաջարկել է համադրել ջանքերը և միասին օգնություն տրամադրել` նաև այս կառույցի անդամ այլ երկրների մասնակցությամբ:
Հայաստանը նախաձեռնել է այս մարդասիրական օգնության առաքումը, ռուսական կողմը տրամադրել է բեռնատար ինքնաթիռը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է այս կապակցությամբ, որ Հայաստանը բազմիցս զգացել է միջազգային մարդասիրական օգնության կարևորությունը, և մեկ դար առաջ հենց Սիրիայի ժողովուրդն էր, որ «հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհավիրքի պահին բացեց իր դռները և հյուրընկալեց հայերին» [խոսքը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվածների մասին է]:
Հայկական մեդիան հաղորդում է, որ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը` անկախ ազգային պատկանելիությունից: Օգնությունը բաժանելու հարցերով կզբաղվեն ինչպես տեղի հայկական, այնպես էլ միջազգային մարդասիրական կառույցները:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016թ. հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին ևս Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Ընդհանուր առմամբ, Սիրիա է առաքվել 40 տոննա բեռ: