Կալանքը՝ թանկ լուծում․ ՀՀ-ում տարեկան ավելի քան 13․5 մլրդ դրամ է ուղղվում ՔԿՀ-ներին
Հայաստանը կալանավայրերին մեծ գումարներ է ուղղում
Հայաստանի պետական բյուջեից տարեկան ավելի քան 13․5 մլրդ դրամ է հատկացվում քրեակատարողական հիմնարկներին։ Այդ գումարն ուղղվում է պահվող անձանց սննդին, հանդերձանքին և մյուս կարիքներին։
Ներկա պահին ՔԿՀ-ներում 1392 կալանավոր և 1462 դատապարտյալ կա։ Եվ նրանց թիվը ոչ թե պակասում է, այլ ավելանում։ Երկրում ամենաշատ կիրառվող խափանման միջոցը շարունակում է մնալ կալանքը։
Փորձագետները կարծում են՝ պետբյուջեի ծախսերը թեթևացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է վերանայել անխտիր կալանք տալու պրակտիկան։
«Անձին կալանավորման տանելը ոչ թե հաճելի ակտ ստանալ է, այլ պետական շահերի պաշտպանություն։ Ո՞րն է պետական շահը՝ անձին տանել պետական բյուջեի հաշվին պահե՞լ, թե՞՝ հակառակը»,- Factor TV-ի հետ զրույցում պնդել է փասստաբան Արայիկ Պապիկյանը։
- Նոր մանրամասներ Երևանում չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանության մասին. մեկնաբանություն
- Ազատազրկվածների համար անանուն հաղորդումների համակարգ ներդնելու հարցը ՀՀ-ում
- «Բանտը չի ուղղում»․ Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման որոշումներ հազվադեպ են ընդունվում
Մեկ կալանավորի համար օրական հատկացվում է 13․170 դրամ
Արդարադատության նախարարությունը մանրամասներ է հայտնել միայն գումարի մի մասի՝ 2150 դրամի բաշխվածության վերաբերյալ։ Մասնավորապես՝
- սնունդ՝ 1341 դրամ,
- հանդերձանք (միայն դատապարտյալներին)՝ 145 դրամ,
- անկողնային պարագաներ՝ 53 դրամ,
- հիգիենիկ պարագաներ և տնտեսական ապրանքներ՝ 101 դրամ,
- կոմունալ ծառայություններ՝ 513 դրամ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ 13․170 դրամ օրական ծախսը ներառում է նաև աշխատակիցների աշխատավարձը, հանդերձանքը, կոմունալ, շինվերանորոգման և տրանսպորտային ծախսերը։
Սննդի որակ և ոչ միայն․ դիտորդական խումբը բազմաթիվ ահազանգեր է ստանում
«Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր թե՛ որակի, թե՛ պատշաճ բուժսպասարկման հետ կապված։ Մարդիկ կան, որոնք ահազանգում են, որ անկողնային պարագաները պատշաճ կերպով չեն տրամադրվում, կամ սննդի որակն է վատացել»,- ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամներից մեկն է։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետբյուջեից ավելի շատ միջոցներ են ուղղվում կալանավորներին, քան 13․170 դրամն է։ Օրինակ՝ բուժսպասարկման ծախսերն այդ թվի մեջ ներառված չեն։
«Երբ անձը տնային կալանքի տակ է, իր առողջության վերաբերյալ խնդիրները լուծում է իր միջոցներով։ Եվ դա, փաստացի, պետության վրա, այսպես ասած, բեռ չի լինում: Երբ նա գտնվում է անազատության մեջ՝ կալանավորված անձի, թե դատապարտյալի կարգավիճակով, պետությունը պարտավոր է կատարել բոլոր ծախսերը նրա հետ կապված»,- մանրամասնել է իրավապաշտպանը։
Անդրադառնալով մատուցվող սննդի որակին և բազմազանությանը՝ սննդագետ Դավիթ Պիպոյանը նկատել է՝ բնական է, որ հատկացված 1350 դրամի պարագայում շեշտը դրվում է «ածխաջրերով հարուստ, օսլա պարունակող» և ավելի մատչելի, սննդամթերքի վրա։
«Միկրո սննդանյութերի դեպքում, եթե ուզում ենք լիարժեք ապահովել, արդեն գումարը պետք է հասցնենք մինչև 1450 և 1500 դրամի»,- ընդգծել է Պիպոյանը։
«Եթե միջոցներն ուղղվեին այդ անձին, գուցե նա կալանավոր չդառնար»
Փաստաբան Արայիկ Պապիկյանը համեմատական է անցկացրել և նկատել՝ մեկ կալանավորված անձի վրա պետությունն ավելի շատ գումար է ծախսում, քան ինքը՝ իր 4 հոգանոց ընտանիքի։
«Եթե այդ գումարները հատկացվեին այդ կալանավորի ընտանիքի սոցիալական զարգացմանը, նրա կրթությանը, նրա աշխատանքին, հավատացեք՝ նա կալանավոր չէր դառնա»,- համոզված է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանը կալանավայրերին մեծ գումարներ է ուղղում