Հայաստանը ազգային նոր ավիափոխադրող կունենա
Ազգային ավիաընկերության հիմնադրման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 10 մլն դոլար, նույնքան ներդրում էլ կկատարի «Էյր Արաբիա» ընկերությունը։
Հոկտեմբերի 14-ի կառավարության նիստում գործադիրն ընդունել է որոշման նախագիծ։ Նախագծի համաձայն՝ նոր հիմնադրվող «Արնա» ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիան»։
«Էյր Արաբիա» ընկերությունը Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է։ Նման ընկերության հետ գործարքի միջոցով ՀՀ կառավարությունն ուզում է խթանել տնտեսական ակտիվությունը, մասնավորապես՝ համավարակի հետևանքով տուժած զբոսաշրջության և հարակից ոլորտներում։ Բացի այդ՝ ՀՀ քաղաքացիները կունենան «հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորություն»։
«Էյր Արաբիայի հետ սերտ գործընկերությունը օգտակար կարող է լինել ՀՀ քաղավիացիայի ոլորտի զարգացման համար, իսկ նման ընկերության հարուստ փորձի տեղայնացումը կլինի նախկինում ծագած խնդիրների կարգավորման ուղղություններից մեկը», — ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Որոշման նախագիծը ներկայացնելիս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ղեկավար Դավիթ Փափազյանը նշել է, որ այս կերպ կյանքի է կոչվում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության տված խոստումը․
«Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է “Air Arabia” ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձը»։
Փափազյանի գնահատմամբ՝ առաջին անգամ կստեղծվի հնարավորություն երկարաժամկետ հեռանկարում ունենալ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակ գործադիրն ուներ 2018 թ․-ից։ Վարչապետի խոսքով՝ այսօր կայացված որոշումն արտահայտում է «ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը»․
«Սա չի նշանակում, թե ՀՀ-ում հայկական այլ ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել»։
Գործադիրի ղեկավարն ասել է, որ այս դեպքում կառավարությունը համագործակցել է «Էյր Արաբիա» ընկերության հետ՝ հաշվի առնելով այն, որ ընկերությունն ունի «ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու փորձառություն»։
Փաշինյանը տեղեկացրել է, որ «Էյր Արաբիա» դուստր ընկերությունն ու գործադիրը 10-ական մլն դրամ են ներդնելու նոր՝ «Արնա» ավիաընկերությունը հիմնադրման համար։ Վարչապետի խոսքով՝ «Արնա»-ն մյուս ավիափոխադրողներից առանձնանալու է միայն նրանով, որ ՀՀ կառավարությունն այս գործում ներդրում է արել։
«Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է հավասար մրցակցային դաշտում», — նշել է գործադիրի ղեկավարը։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ ստեղծված են բավարար պայմաններ, որպեսզի ներդրման հետ կապված ռիսկերը լինեն կառավարելի։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ և «Էյր Արաբիա» (“Air Arabia”) դուստր ընկերության միջև պայմանագիր էր կնքվել այս տարվա հուլիսի 14-ին։ Ըստ դրա՝ կողմերը պարտավորվել են ՀՀ-ում ստեղծել ազգային ավիաընկերություն: