Համացանցը հայտնագործած սըր Թիմ Բերներս-Լին կարծում է, որ իր ստեղծագործությունը կարող է օգտագործվել և ի բարօրություն, և ի վնաս մարդկության։ Մանրամասները՝ The Guardian-ի նյութում։
___________________________________
Կեղծ լուրերն, անձնական տվյալների ապօրինի յուրացումը, հանրության զանգվածային գիտակցության մանիպուլյացիան այն վտանգներն են, որոնք սպառնում են աշխարհը վերածել «թվային հակաուտոպիայի», կարծում է Բերներս-Լին։
Իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար նա գլոբալ պլան է առաջարկել, որը հասցեագրված է կառավարություններին, ընկերություններին և քաղաքացիներին։ Նպատակը համացանցի պահպանումն է որպես բարգավաճման և մարդկանց միջև հաղորդակցման գործիք։
«Պետք է անհապաղ գործել», — պնդում է Բերներս-Լին։
Պլանն իրենից պարտավորություններ է ներկայացնում, որոնք ինքնակամ իրենց վրա են վերցնում կառավարություններն, ընկերություններն ու քաղաքացիները։
Կառավարությունները
Կառավարությունները պարտավորվում են իրենց քաղաքացիներին համացանցի, սեփական անձնական տվյալների ազատ հասանելիություն ապահովել, ինչպես նաև այդ տվյալներն իշխանությունների կողմից մշակելու արգելքի հնարավորություն տրամադրել։
Ընկերությունները
Ընկերությունները պարտավորվում են հասանելի ինտերնետ ապահովել, ծառայություններ մշակել սահմանաափակ կարողություններով անձանց և հազվադեպ լեզուների կրողների համար, ինչպես նաև առավելագույնս պարզեցնել և հարմարավետ դարձնել սեփական անձնական տվյալների հետ աշխատանքի ընթացակարգը։
Ընկերությունները պետք է նաև խորհրդատվություններ անցկացնեն հասարակության հետ նոր արտադրանքի թողարկումից առաջ և գնահատեն դրա պոտենցիալ վտանգները ապատեղեկատվության տարածման տեսանկյունից։
Քաղաքացիները
Մասնավոր անձինք, որոնք միացել են Բերներս-Լիի նախաձեռնությանը, պարտավորվում են որակյալ կոնտենտ ստեղծել իրենց էջերում, պահպանել բարյացակամ մթնոլորտ սեփական առցանց-հանրույթներում և պաշտպանել համացանցի բաց լինելը բոլորի համար և ամենուր։
Կասկածներ և վտանգներ
Թեև համացանցի հայտնաբերման նախաձեռնությանը սատարել են շատ կառավարություններ և ՏՏ ոլորտի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Microsoft-ն ու Google-ն, ակնհայտ է, որ ազատ և որակյալ համացանցի համար պայքարը հեշտ չի լինելու։ Amnesty International-ի վերջին զեկույցում ավտոկրատական և տոտալիտար ռեժիմների, օրինակ, Չինաստանի կողմից համացանցի սահմանափակման բազում օրինակներ են բերվում։ Իսկ նախաձեռնությանը միացած Google-ը վերջերս մեղադրվել է 50 մլն ամերիկացիների անձնական տվյալների ապօրինի յուրացման մեջ։
«Մեզ մեծապես անհրաժեշտ է հանուն ազատ համացանցի նույնպիսի գլոբալ շարժում, ինչպիսին մենք այժմ տեսնում ենք բնապահպանության ոլորտում», — պնդում է Էմիլի Շարպը՝ Բերներս-Լիի ստեղծած Համացանցի հիմնադրամի ղեկավարը։
Կարծես, նրա իրավացիությունը հաստատվում է․ The Guardian-ի կողմից այս նյութի հրապարակումից երկու օր անց նախաձեռնությանը սատարելու մասին է հայտարարել նաև Twitter-ը։