Դպրոցական համազգեստի պահանջ, բջջային հեռախոսների արգելք. կրթական բարեփոխումներ Վրաստանում
Կրթական բարեփոխումներ Վրաստանում
Վրաստանի պետական դպրոցներում 1-6-րդ դասարանների աշակերտների համար պարտադիր կդառնա համազգեստ կրելը, կարգելվեն բջջային հեռախոսները, դպրոցներում կօգտագործվեն Կրթության նախարարության մշակած միասնական դասագրքերը՝ մեկ դասագիրք ամեն առարկայի համար։
Այս ամենը իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած կրթական բարեփոխումների մի մասն է։ Դեկտեմբերի 2-ին կուսակցությունը ներկայացրել է բարեփոխումների հայեցակարգը, իսկ Կրթության նախարար Գիվի Միկանաձեն՝ դրա հիմնական դրույթները։
Ի՞նչ է ենթադրում բարեփոխումը
● 2027-2028 ուսումնական տարվանից սկսած դպրոցները կանցնեն 11-ամյա ուսումնական ծրագրի։ Ներկայումս պարտադիր կրթությունը 12 տարի է։
12-րդ դասարանում սովորել ցանկացողները պետք է գրանցվեն հատուկ հարթակում։
«Կախված գրանցված աշակերտների թվից՝ մենք կբացենք 12-րդ դասարան համապատասխան քաղաքների և համայնքների կոնկրետ միջնակարգ դպրոցներում»,— պարզաբանել է Կրթության նախարարը։
● Վրաստանի պետական դպրոցների11-րդ դասարաններում կիրականացվի մասնագիտացված կրթություն. աշակերտները կկարողանան ուսումնասիրել միայն այն առարկաները, որոնցից ավարտական քննություն են հանձնելու։
● Հաջորդ ուսումնական տարվանից սկսած պետական դպրոցներում առաջին դասարան կընդունեն միայն այն երեխաներին, որոնց 6 տարին լրացել է դասերի մեկնարկի պահի (սեպտեմբերի 15) դրությամբ։
● Հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում բոլոր դպրոցական դասագրքերը կփոխարինվեն, և բոլոր դպրոցներում դասավանդումը կիրականացվի Կրթության նախարարության մշակած միասնական դասագրքով։
«Նախարարությունը տարբեր առարկաների վերաբերյալ ձևավորել է փորձագիտական խմբեր և կստանձնի դասագրքերի մշակման և ներդրման պատասխանատվությունը՝ համաձայն հետևյալ չափանիշի՝ բոլոր դպրոցներում մեկ դասագիրք մեկ առարկայի համար»,— ընդգծել է Գիվի Միկանաձեն։
● Հաջորդ ուսումնական տարվանից սկսած բոլոր պետական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները պարտավոր կլինեն կրել դպրոցական համազգեստ։ Սոցիալապես անապահով ընտանիքները կստանան պետական աջակցություն համազգեստ ձեռք բերելու համար։
● Դպրոցներում կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը։
«Ուսումնական միջավայրում կողմնորոշվելու և լիարժեք ներգրավվածության համար կարևոր է ուսումնական գործընթացում բջջային հեռախոսների օգտագործման արգելքը։ Կմշակվի համապատասխան կանոն, որը կներդրվի՝ համաձայն չափորոշչի։ Իհարկե, կպահպանվի հավասարակշռություն, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի, միաժամանակ աշակերտներին հնարավորություն տրվի շփվել իրենց ծնողների և այլ կարևոր անձանց հետ»,- պարզաբանում է Միկանաձեն։
Կրթության ոլորտում սպասվող բարեփոխման մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր 2025 թ․-ի հոկտեմբերի 16-ին։ Նրա խոսքով՝ ներկայիս կրթական համակարգը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին և չափանիշներին, և 4 տարվա ընթացքում երկրում պետք է ստեղծվի եվրոպական ոճի համակարգ, «որպեսզի Վրաստանում աշակերտները ստանան այնպիսի կրթություն, ինչպիսին կստանային արտերկրում»։
Վրացի փորձագետները հայտարարված բարեփոխումը որակում են բռնաճնշող փոփոխություն։
Կրթական բարեփոխման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կրթական բարեփոխումներ Վրաստանում