Կրակի դեմ պայքարողների Ամանորը
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են անցկացնում Ամանորը շուրջօրյա հերթապահություն իրականացնողները: Դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ բոլորը տոնական սեղանների շուրջ ուրախանում են, հրշեջ-փրկարարներն, օրինակ, ծառայության վայրում են՝ ամեն վայրկյան պատրաստ հասնելու օգնության:
Կյանքում մեկ անգամ պետք է սեփական մաշկի վրա զգալ այն բեռը, որ կրում են այս տղաները։ Այս տարին սկսեցինք՝ հրշեջների հետ մասնակցելով 24-ժամյա հերթապահությանը։ Քանի դեռ կանչեր չկային, Երևանի փրկարարական վարչության Էրեբունու բաժնի 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի տղաները կիսվում էին իրենց նախկին տարիների ամանորյա հուշերով:
Կապիտան Գառնիկ Պապոյան
«Դեռ մի քանի ամիս առաջ իմանում ենք՝ այդ օրը լինելու ենք ծառայության, թե՝ ոչ: 2002-ից ծառայում եմ, 13 տարվա ընթացքում 7 անգամ Ամանորը տոնել եմ ծառայության վայրում»:
Սերժանտ Հովհաննես Գևորգյան
«Այդ օրը պատրաստվում ենք՝ ինչպես հարկն է, տոնածառ ենք դնում, զարդարում տարածքը, տոնական ուտեստներ պատրաստում: Փորձում ենք տան մթնոլորտը նաև այստեղ ստեղծել, քանի որ տարվա մի մասը հենց ծառայության վայրում ենք անցկացնում: Բայց տոնը՝ տոն, ծառայությունը՝ ծառայություն: Ամանորյա մթնոլորտը չի խանգարում մեզ, զգոնությունն ամեն դեպքում չենք կորցնում»:
Սերժանտ Հայկ Մարդանյան
«Ընտանիքս ցանկանում է, որ այդ օրն իրենց հետ անցկացնեմ, բայց իրենք էլ հասկանում են գործիս կարևորությունը, գնահատում աշխատանքս: Կեսգիշերին ցանկություն եմ պահում, որ հերթապահությունն առանց պատահարների անցնի, մարդիկ հանգիստ, իրենց տներում տաք նստած նշեն Նոր տարին: Չէ՞ որ մենք էլ տուն ունենք, ընտանիք, երեխաներ»:
Կապիտան Գառնիկ Պապոյան
«Մի քանի տարի առաջ էր, արդեն տոնական զանգերը ղողանջել էին, մի քանի րոպե անց կանչ ստացանք, թե շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Մեկնեցինք դեպքի վայր, պարզվեց պատշգամբում խորոված էին արել, հարևաններին թվացել էր հրդեհ է, ահազանգել էին»:
Սերժանտ Հայկ Մարդանյան
«Այդ օրերին մարդիկ ավելի անզգույշ են, կրակի հետ վարվելու կանոնները չեն պահպանում: Հասնում ենք դեպքի վայր, պարզվում է՝ գինովցած տաքացուցիչը թողել են միացրած, լարերը տաքացել են, կարճ միացում, հրդեհ»:
Սերժանտ Արթուր Մարտիրոսյան
«Երկու տարի առաջ էր, Ամանորի գիշերը կրկին ծառայության էինք: Կեսգիշերին մոտ ահազանգ ստացանք, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանում: Մեկնեցինք դեպքի վայր, մեծ հրդեհ էր, Երևանի շատ ջոկատներ արդեն աշխատում էին հրդեհաշիջման վրա: Մի քանի ժամ անց ջրի մեջ կորած վերադարձանք տեղակայման վայր: Ամենահիշված Սմանորն է ծառայության ընթացքում»:
Ավագ Արամ Պետրոսյան
«Մեր ջոկատում մի ավանդույթ ունենք Ամանորի հետ կապված: Հունվարի 1-ի առավոտյան, երբ արդեն հանձնած ենք լինում հերթապահությունը, դուրս ենք գալիս ծառայության վայրից ու մեկ առ մեկ շրջում խմբի անդամների տներով: Մեկնումեկի բախտը չի բերում, քանի որ ամենավերջինն ենք հասնում իր տուն: Արտակարգ պայմաններում ծառայությունն էլ ավելի է մտերմացնում մեզ, դարձնում մի ընտանիք, մի թիմ՝ պատրաստ ամեն պահի օգնել մարդկանց»:
Կապիտան Գառնիկ Պապոյան
«Մի բան էլ հիշեցի… Ամանորյա հերթափոխի ժամանակ՝ 24։00-ից հետո, կանչ ստացանք։ Րոպեներ անց արդեն տեղում էինք, պարզվեց կեղծ ահազանգ է, ոչ մի արտառոց բան չկար։ Տանտերը, ով զանգահարել էր, շատ լուրջ նայեց հրամանատարի դեմքին ու հարցրեց.«Եղբայր, կարո՞ղ է հրշեջ մեքենայում պահած օղի ունենաք, վերցրեք բարձրացեք, խնդրում եմ»։ Չգիտեինք՝ լանք, թե՝ խնդանք։ Շնորհավորեցինք ու դուրս եկանք. ավելի լավ է այդպես, քան հրդեհ, պատահար լինի, զոհեր ունենանք»։
Սերժանտ Մարդանյանի ցանկությունը կատարվեց. այս Նոր տարին անցավ առանց պատահարների։ Հետևաբար, մենք չտեսանք հրշեջ-փրկարարաներին թեժ գործունեության պահին: Ու չնայած հետաքրքրությանը՝ ուրախ ենք, որ հերթապահությունը խաղաղ անցավ: Կապիտան Պապոյանի խումբը հանձնեց հերթափոխն ու ավանդույթի համաձայն անցավ ամենամյա հերթով տնետուն շրջելու արարողությանը։