Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 123–ի վիճակը ծայրահեղ ծանր է, 529–ը` ծանր։ Այս մասին հունիսի 29-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հաղորդել է վարչապե Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր», – ավելացրեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մարդիկ շարունակվում են չպահպանել հակահամաճարակային կանոնները.
«Նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրևորելու անհրաժեշտության՝ մի շարք քաղաքացիներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։
Մեր ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի դեպքի կողքով պետք է անտարբեր չանցնեն»:
Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուրս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեսթարթ անելու, հակառակ դեպքում համաճարակը հաղթահարել չի լինի։