Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի ավելանում է։ Մայիսի 16-ին երկրում հաստատվել է 239 նոր դեպք։ Սա մեկ օրում վարակվածների թվի աճի առավելագույն ցուցանիշն է Հայաստանում։
Հաղորդվում է նաև, որ անցած մեկ օրում երեք մարդ է մահացել կորոնավիրուսից։
«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 55 դեպք։
Մայիսի 16-իդրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4 283-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 125-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 791: Շարունակում են բուժում ստանալ 2 415 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վարակակիրների ինքնազգացողության վերաբերյալ տվյալները։
«Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով արդեն, 690 եթե կոնկրետ ասեմ երեկ երեկոյան դրությամբ, ծայրահեղ ծանր վիճակում` 32 հոգի, ծանր վիճակում` 65 հոգի, և 11 քաղաքացի թոքերի արհեստական շնչառության սարքերին է միացված»:
Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ թվերի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծանրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է.
«Ինչը արդեն լավ ցուցանիշ է, նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դեռ դրանից ավելի չենք ունեցել, այսինքն` 11-ն ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք»: