Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է:
«Կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են», — ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակներ կրելու արդյունք է.
«Այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ նորից կունենանք թվերի աճ: Ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը»: