Կոկոյտին ուզում է վերադառնալ
Էդուարդ Կոկոյտիի մասին, որը Հարավային Օսիայի նախագահն է եղել 2006-2011թթ-ին և հեռացել 2011թ-ին քաղաքական ճգնաժամից հետո, հանրապետությունում կարծես մոռանացել են: Սակայն հիմա կողմնակիցները սկսել են խոսել Հարավային Օսիայի առաջին դեմքի պաշտոնի համար պայքարելու նրա պատրաստակամության մասին:
Ո՞վ է սպասում Կոկոյտիին: Հավանաբար, անկախության կողմնակիցները
Կոկոյտին քաղաքականությունից հեռացավ Հարավային Օսիայում հուզումներից հետո, որոնցով ուղեկցվում էին 2011թ-ի նախագահական ընտրությունները: Ալլա Ջիոևան այն ժամանակ քաղաքական բեմի հերոսը դարձավ՝ հանրապետությանը նոր տնտեսական և քաղաքական ապագա, Մոսկվայից պակաս կախվածություն խոստանալով: Էդուարդ Կոկոյտին դարձավ ժողովրդականություն չվայելող առաջնորդ, հասարակության կողմից մեղադրվեց կաշառակերության և ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Նա լքեց երկիրն ու տեղափոխվեց Մոսկվա:
Դրանից հետո Կոկոյտին ոչ մի կերպ և երբևէ էլ չշփվեց մամուլի հետ: Եվ ահա նրա անունը կրկին շոշափվում է գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին. դրանց նախնական ամսաթիվը 2017թ-ի ապրիլն է:
Նրան հավատարմություն պահպանած խորհրդարանական «Ժողովրդական կուսակցության» մամուլի քարտուղար Թաիրա Գագլոևան ֆեյսբուքյան իր էջում հետևյալ վերտառությամբ գրառում է կատարել. «Կոկոյտի. Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնի համար»:
«Մենք պետք է մտածենք ժողովրդի շահերի մասին… ամենագլխավորը Հարավային Օսիայի անկախությունն է: Այն տաք կարտոֆիլ չէ ինչ-որ մեկի ձեռքերում: Դա ադամանդ է, որը պետք է թանկ գնահատել: Չգիտես ինչու, բոլորն ուզում են գլուխներն ազատել անկախությունից, որը մեր ողջ ժողովուրդն է նվաճել», — Թաիրա Գագլոևան մեջբերում է կուսակցության ժողովին Կոկոյտիի ելույթից:
Հանրապետության ապագայի վերաբերյալ հարցի շուրջ հին դիմակայությունն, ըստ երևույթին, թեկնածուների նախընտրական պայքարի գլխավոր թեման է լինելու: Հարավային Օսիայում արդեն մի քանի տարի է՝ քաղաքական և հասարակական վեճ է գնում՝ երկու ուղիներից ո՞րն ընտրել. 1) անկախ պետություն կառուցել և հասնել միջազգային ճանաչման. 2) հրաժարվել անկախության գաղափարից և հասնել Հյուսիսային Օսիայի հետ միավորման՝ դրանով իսկ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելով:
Իր նախագահության ժամանակ Կոկոյտին բավականին անհետևողական էր այդ հարցում: Օրինակ, 2008թ-ին Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո նա միանգամից հայտարարեց այն Ռուսաստանի մաս դարձնելու պլանների մասին:
Սակայն այժմ Էդուարդ Կոկոյտին ակնհայտորեն առաջին տարբերակի կողմնակից է: Նա արդեն խոսում է այն մասին, որ չի աջակցում Հարավային Օսիայում այս օրերին այդքան տարածված հանրաքվե անցկացնելու գաղափարին և վերջնականապես որոշելու, թե հասարակությունն այդ ուղղություններից որին է սատարում:
«Մենք մեր արյամբ ենք ապացուցել, որ Ռուսաստանի հետ ենք, և ինչ-որ հանրաքվեներ հիմա անցկացնելը պարզապես անիմաստ է: Մի՞թե թափված արյունը բավարար չէ», — Կոկոյտիի խոսքերն է մեջբերում Թաիրա Գագլոևան:
Ո՞վ չի սպասում: Այս հարցն ավելի բարդ է
«Ես ցանկանում եմ հասարակությանը տեղյակ պահել, որ ենթադրվող ոչ մի թեկնածուի չեմ սատարելու, ինքս եմ առաջադրվելու: Ես Հարավային Օսիայի ժողովրդի հետ եմ», — հայտարարել է Կոկոյտին Գագլոևայի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Սակայն նրան այդ ճանապարհին մի քանի խոչընդոտ է սպասվում:
2016թ-ին Հարավային Օսիայում փոփոխություններ են մտցվել ընտրությունների մասին օրենքում: Այժմ նախագահի թեկնածու դառնալու համար Հարավային Օսիայի քաղաքացին պետք է հանրապետությունում վերջին տասը տարիներին մշտական բնակություն հաստատած լինի:
Կոկոյտին հանրապետությունում մշտապես չի ապրում 2012թ-ից, հետևաբար որպես թեկնածու գրանցվելու իրավունք չունի: Նախկին նախագահը ժամանակն անցկացնում է Մոսկվայում և հյուսիսօսական Ալագիր քաղաքում, իսկ Հարավային Օսիայում մշտական գրանցում անգամ չունի:
Հարավօսացի փորձագետ Ռոլանդ Կելեխսաևը ասում է, որ «Կոկոյտին ընկնում է այն ծուղակը, որն ինքն է լարել 2011թ-ին»:
«Այն պարագայում, եթե նա չկարողանա իր թեկնածությունն առաջադրել, հավանաբար իր դրածոյին կամ մեկ այլ քաղաքական դեմքի կսատարի, որը նրան երաշխիքներ կտա, որ նա Հարավային Օսիայի քաղաքականությունում կմնա, — ասում է Կելեխսաևը: — Կոկոյտիի համար սա վերջին հնարավորությունն է. եթե նա իրեն չդրսևորի այս ընտրություններում, ապա 5 տարուց նրան էլ ոչ ոք չի հիշի»:
Մեկ այլ հանգամանք, որը կարող է Էդուարդ Կոկոյտիի՝ քաղաքականություն վերադառնալը բարդացնել, Հարավային Օսիայում նրա ընդհանուր առմամբ բացասական համբավն է, ինչի մասին այստեղ հաճախ կարելի է լսել:
Կոկոյտիի հնարավոր առաջադրման մասին նորության հայտնվելուն զուգահեռ նրա ընդդիմախոսները չհապաղեցին զանգվածային քննադատությամբ և մեղադրանքներով հանդես գալ: Առաջին հերթին նրան հիշեցրին, թե ինչպես գլխավոր հրամանատար Կոկոյտին 2008թ-ի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայի վրա վրացական բանակի հարձակման ժամանակ Ցխինվալից Ջավա փախավ և վերադարձավ միայն մի քանի օր անց, երբ իրավիճակն արդեն վերահսկողության տակ էր հիմնականում աշխարհազորայինների շնորհիվ:
Կոկոյտիի կողմնակիցներն այսօր ակտիվորեն հիշեցնում են, որ 2008թ-ին Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից տեղի է ունեցել հենց Կոկոյտիի նախագահության ժամանակ, և դա նրա ավանդն է: Իսկ ընդդիմախոսները հայտարարում են, որ Կոկոյտին և նրա շրջապատը գողացան ռուսական ֆինանսական օգնության մեծ մասը, որը 2008թ-ի օգոստոսից հետո պետք է ուղղվեր Հարավային Օսիայի վերականգնմանը:
Ինչպես նշում է Ռոլանդ Կելեխսաևը, ո՛չ ինքը Կոկոյտին, ո՛չ նրա շրջապատն այդպես էլ հաշվետվություն չներկայացրին Ռուսաստանից ստացված ֆինանսական օգնությունը ծախսելու մասին, որը հանապետությանն էր փոխանցվել 2008-2012թթ-ին: «Իսկ դա ավելի քան 30 մլրդ ռուբլի էր [մոտ $470 մլն]», — ասում է Կելեխսաևը:
Հարավօսական Ֆեյսբուքը լի է նախագահի հատուկ հաշվեհամարի գումարների վատնման վերաբերյալ Կոկոյտիի հասցեին հնչող մեղադրանքներով, որի վրա 2.1 մլրդ ռուբլի [մոտ $18,5 մլն] էր հավաքվել նույն նպատակով: 2012թ-ին՝ իշխանափոխությունից հետո, այդ հաշվի վրա հայտնաբերեցին ընդամենը 150 մլն ռուբլի [մոտ $2,5 մլն]: Ուր անհետացավ մնացած գումարն՝ այդպես էլ անհայտ մնաց:
Ռոլանդ Կելեխսաևը Կոկոյտիի նոր հավակնություններն «անզուսպ» է որակում և ասում է, որ նրա վերադարձը քաղաքականություն բացառված է: «Վատն այն է, որ հանրապետությունում նախընտրական գործընթացի վրա ազդելու ցանկացած փորձ կհանգեցնի լարվածության էսկալացիայի: Մարդիկ կարող են բողոքի ակցիաներ անել»:
Ի՞նչ է մտածում Մոսկվան
2011թ-ից Կոկոյտին ոչ մի պաշտոն չի զբաղեցրել ո՛չ Հարավային Օսիայի, ո՛չ Ռուսաստանի ղեկավար մարմիններում: Ընդամենը մի քանի տեղեկություն է եղել այն մասին, որ նա մասնակցում է Ռուսաստանի կազակների կազմավորումների միջոցառումներին կամ ուղղափառ բարեգործական հիմնադրամների հավաքներին, և դրանք Հարավային Օսիայում առանձնահատուկ հետաքրքրություն չեն առաջացրել:
Վերջերս Հարավային Օսիայում այլ տարաբնույթ ասեկոսեներ էին քննարկվում: Սկզբում ասում էին, թե Կոկոյտին այն անձանց թվում է, որոնք սուզանավ են նստում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Հետո՝ Կոկոյտին Վրաստանի՝ Ստեփանծմինդայի շուրջ գտնվող շրջանը (Կազբեգի) Հարավային Օսիային միացնելու պլան է մշակում:
Այդ տեղեկությունների հիմնական ենթատեքստն այն էր, որ Մոսկվայում, հնարավոր է, աջակցում են Էդուարդ Կոկոյտիի թեկնածությանը:
Սակայն կան այլ ազդակներ, որոնք խոսում են այդ աջակցության կասկածելիության մասին: Օրինակ, 2016թ-ի ամռանը Մոսկվայում գտնվող «Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնը» Հարավային Օսիայում քաղաքական իրավիճակի՝ «Ընտրություն տանդեմից» անվանմամբ վերլուծություն հրապարակեց:
Կոկոյտին դրանում «աութսայդեր» էր որակվել, իսկ նրա վերադարձը հարավօսական քաղաքականություն՝ «ապակայունացնող գործոն»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ