Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականին Վրաստանում տեղի ունեցած կնասպանության գործում արձանագրել է պետական խախտումներ՝ ընդգծելով իրավապահ մարմինների անփութությունը։ Ստրասբուրգի դատարանը պետությանը պարտավորեցրել է վճարել 20.000 եվրո բարոյական վնասի համար և 12.600 եվրո՝ դատական ծախսերի համար։ Այս տեղեկությունը հրապարակել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA)։
Գործը վերաբերում է մի պատմության, երբ մի կին սիստեմատիկ ընտանեկան բռնության զոհ է դարձել իր նախկին ամուսնու կողմից, ինչն էլ նրան հասցրել է ինքնասպանության։ GYLA-ի տվյալներով՝ նա տարիներ շարունակ դիմել է ոստիկանություն օգնության խնդրանքով, սակայն իրավապահ մարմինները պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերել և չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է հայցատուի ներկայացուցիչների փաստարկներին և գտել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային մասի համաձայն` բողոքը բարձրացրել է երկու ասպեկտ.
1. Իրավապահ մարմինների հնարավոր անփութության հետաքննությունն անարդյունավետ է եղել,
2. Հայցատուի դստեր նկատմամբ դաժան վերաբերմունքի և մահվան հետաքննությունը անհամարժեք է եղել իրավախախտի նկատմամբ:
Համակարգային խնդիր, ոչ թե առանձին դեպք
Միաժամանակ, Ստրասբուրգի դատարանը ուշադրություն է հրավիրել Վրաստանում ընտանեկան բռնության համակարգային խնդրի վրա։
Մասնավորապես, իրավապահ մարմինների աշխատակիցները անփութություն են ցուցաբերել մահացած կնոջ նկատմամբ։ Դատարանը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ
նա 16 անգամ զանգահարել է՝ օգնության խնդրանքով։
Ոստիկանությունը 13 անգամ արձագանքել է և պարեկային խումբ գործուղել, երեք անգամ կիրառվել է խափանման միջոց։ Սակայն իրավապահները ուշադրություն չեն դարձրել այն փաստին, որ կինը դադարել է օգնություն խնդրել։
Ստրասբուրգի դատարանը նաև ընդգծել է, որ իրավապահ մարմինները յուրաքանչյուր դիմում դիտարկել են որպես առանձին գործ, այլ ոչ համակարգային, և դա բերել է ռիսկերի ոչ ճիշտ գնահատման։
«Օպերատիվ և բարեխիղճ գործողությունների բացակայությունը հանցագործի համար անպատժելիության զգացում է ստեղծել, ինչն էլ նպաստել է բռնության կրկնությանը», — ասված է հաղորդագրությունում։