Կիևում կալանավորել են Միխայիլ Սահակաշվիլիին
14:45
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն արտակարգ բրիֆինգին հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի ակցիաները ֆինանսավորել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մոտ կանգնած անձինք: Նրա խոսքով՝ հաստատված է, որ Սահակաշվիլին կես միլիոն դոլար է ստացել Ռուսաստանից: Որպես ապացույց Լուցենկոն ներկայացրել է ռուս գործարար Սերգեյ Կուրչենկոյի (Յաուկովիչի համախոհը) հետ Սահակաշվիլիի հեռախոսազրույցների աուդիոձայնագրությունները, ինչն, ըստ դատախազության, «պետության դեմ ծանր հանցագործության»ապացույց է: Զուգահեռ Կիևի կենտրոնում շարունակվում է հատուկջոկատայինների, ոստիկանության և Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների դիմակայությունը, վերջիններս փորձում են արգելափակել մեքենայի ճանապարհը, որում նա գտնվում է: Ընդդիմադիրներն այդ փողոցում բարիկադներ են կառուցում:
13:12
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Կիևում կազմակերպված հանցավորության աջակցության մեղադրանքով: Ինչպես ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարությունում, գործը, որի համաձայն ձերբակալվել է Սահակաշվիլին, հարուցվել է Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածով, որը ենթադրում է «աջացություն հանցավոր ազմակերպությանը և դրա գործունեության փաստերի թաքուցում»: Նույն հայտարարության համաձայն՝ այս գործով պլանավորվում է հարցաքննել Սահակաշվիլիին: Այդ հոդվածի խախտումը պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:
12:40
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման առաջնորդ» Միխայիլ Սահակաշվիլին կալանավորվել է Կիևի իր բնակարանում:
Կալանավորման գործողությունն անցկացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) հատուկ նշանակության ջոկատը: Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչն է եղել կալանավորման պատճառը և ինչում է մեղադրվում Վրաստանի նախկին նախագահը: Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սահակաշվիլիի փաստաբանին, տեղեկատվություն է տարածում, որ նրան մեղադրում են պետական հեղաշրջում կազմակերպելու համար:
Հատուկջոկատայինները մտել են Սահակաշվիլիի տուն առավոտյան, նախկին նախագահն այդ ընթացքում բարձրացել է տան կտուր և այնտեղից օգնության կանչել իր կողմնակիցներին: Նրա փաստաբանին թույլ չեն տվել մտնել շենք:
Չնայած հավաքված ակտիվիստների դիմադրությանը՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են դուրս բերել Սահակաշվիլիին շենքից և մեքենա նստեցնել, սակայն նրա կողմնակիցները թույլ չեն տվել մեքենային շարժվել և շարունակում են արգելափակել մեքենայի ճանապարհը, որում գտնվում է Սահակաշվիլին:
Դեկտեմբերի 3-ին Միխայիլ Սահակաշվիլին ակցիա էր կազմակերպել, որին մի քանի հազար մարդ էր հավաքվել: Ցուցարարները պահանջում էին նախագահի իմպիչմենտը: Սահակաշվիլիի կազմակերպած ակցիաները Կիևում պարբերաբար անցկացվում են հոկտեմբերի 17-ից:
Նոյեմբերի 30-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երկարաձգել էր երկրում Սահակաշվիլիի մնալու իրավունքը 3 ամսով:
2017թ-ի հուլիսին Ուկրաինայի նախագահի հրամանով Սահակաշվիլին զրկվել է այդ պետության քաղաքացիությունից: Այդ ժամանակ վերջինս արտասահմանում էր: Սեպտեմբերի 10-ին իր կողմնակիցների օգնությամբ նա կարողացավ ճեղքել իրավապահ մարմինների աշխատակիցների շղթան լեհ-ուկրաինական սահմանին և վերադառնալ Ուկրաինայի տարածք: Սահմանի ապօրինի հատման համար նա տուգանվեց 130 դոլարին համարժեք գումարով:
Սահակաշվիլին և նրա կողմնակիցները մեղադրում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոռուպցիայի և երկրի օլիգարխիկ կառավարման համար, պահանջում քաղաքական բարեփոխումներ և վաղաժամ ընտրությունների անցկացում: