«Կաթողիկոսը պարտվեց վստահության հանրաքվեն Էջմիածնում»․ կարծիք ՏԻՄ ընտրությունների մասին
Կարծիք Վաղարշապատի ընտրությունների մասին
Հայ հանրությունն ակտիվորեն քննարկում է Վաղարշապատ համայնքում (ընդգրկում է նաև Էջմիածին քաղաքը) տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն էր:
Այս ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերն ու որոշ փորձագետներ կարծիք էին հայտնել, որ հնարավոր է՝ կրկնվի Գյումրի և Փարաքար համայնքների սցենարը, երբ հաղթող էին ճանաչվել ընդդիմադիր ուժերը։ Այդ կանխատեսումը, սակայն, իրականություն չդարձավ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապտատի ընտրությունները որակել է որպես 2026 թ․-ի համապետական ընտրությունների «հնչուն նախերգանք»։
«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից [կաթողիկոսի ավազանի՝ աշխարհիկ անունը] ազատելու գործընթացին»,- հայտարարել է Փաշինյանը։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի դիտարկմամբ՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Էջմիածնի բնակչությունը չի աջակցում Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Ես առաջարկում էի վստահության հանրաքվե անցկացնել։ Կարելի է ասել, որ գոնե այս քաղաքում վստահության հանրաքվեն պարտվեց Գարեգին Երկրորդը»,- հայտարարել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների քվեների 48.51 տոկոսը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն այս կիրակի։
Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ավագանիում կունենա 19 մանդատ, ուստի կկարողանա համայնքի կառավարումը ստանձնել առանց որևէ ուժի աջակցության։
Վաղարշապատի ընտրությունների մասին իշխանական թեկնածուի կարծիքը, վարչապետի հայտարարությունները, եկեղեցու արձագանքը, քաղաքագետի մեկնաբանություն
- Քահանայի հարցազրույցի հետքերով․ ՀՀ-ում հոգևորականներ են բերման ենթարկվել
- ՀՀ-ում իշխանություն-եկեղեցի առճակատումը նոր թափ է ստանում․ Փաշինյանի ծրագիրը
- Հոգևորականի օրագիրն ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը․ մանրամասնում է ՔԿ-ի նախագահը
Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետը Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողներին շնորհավորել է ժողովրդավարական ընտրությունների առիթով։ Փաշինյանի դիտարկմամբ՝ համայնքի ղեկավար ընտրելով իշխանական Արգիշտի Մեխակյանին քաղաքացիները՝
- հաստատել են, որ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանը նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է,
- «աներկբա աջակցություն» են ցուցաբերել ՀՀ պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու իշխող կուսակցության ռազմավարությանը,
- կարևոր լիցք են տվել Մայր Աթոռը կաթողիկոսից ազատելու գործընթացին,
- գնահատել են համայնքում իշխող կուսակցության կատարած աշխատանքը։
«ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թ․-ի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։ Հայաստանի ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,- արձանագրել է նա։
«Իմ օրակարգում նման հարց չի եղել»․ Մեխակյանը՝ կաթողիկոսին հեռացնելու մասին
Կրագրողները Արգիշտի Մեխակյանից հետաքրքրվել են՝ կիսո՞ւմ է Փաշինյանի մոտեցումը եկեղեցու հետ կապված և արդյո՞ք մասնակցելու է վարչապետի կողմից հրավիրվող հոգևոր հավաքներին։
Մեխակյանը, սակայն, խուսափողական պատասխան է տվել։ Նշել է միայն, որ թեմային կանդրադառնա առաջիկայում, եթե լինի նման անհրաժեշտություն։
«Ես իմ օրակարգում և մենք ՏԻՄ ընտրությունների օրակարգում չենք ունեցել նման հարց։ Եվ ես հարկ չեմ համարել դրան անդրադառնալ։ Այժմ էլ չունենք։ Մենք ընտրության արդյունքները պետք է ամփոփենք և ձևավորենք համայնքային իշխանություն»,- նշել է նա։
Քարոզարշավի ընթացքում նույնպես Մեխակյանն անպատասխան էր թողնում վարչապետի՝ Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու օրակարգին վերաբերող հարցերը։
«Ես այդ հարցից խուսափում եմ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում: Այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա»,- հայտարարում էր նա։
«Ընտրության արդյունքները եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն չեն»․ հոգևոր խորհրդի անդամ
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ու շեշտել՝ որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել որպես «եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն»:
«Ազատության» հետ զրույցում նա հիշեցրել է՝ Ազգային եկեղեցական ժողովում կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի հոգևոր դասից և աշխարհիկ հատվածից ընտրված 500-ից ավելի փոխանորդներ:
«Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռքբերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև հայ եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց»,- նկատել է Դանիելյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում նկատել է․
«Ինչո՞վ էր Էջմիածնի հաղթանակը կարևոր «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Մենք գիտենք կաթողիկոս-Փաշինյան հակասությունները։
[Էջմիածին] քաղաքի բնակչությունը, ըստ էության, չի աջակցում Գարեգին Բ-ին։ Ես առաջարկում էի վստահության հանրաքվե անցկացնել։ Կարելի է ասել, որ գոնե այս քաղաքում վստահության հանրաքվեն պարտվեց Գարեգին Երկրորդը։ՔՊ թեկնածուն խորամանկ քաղաքականություն է որդեգրել։ Նա կաթողիկոսի մասին հայտարարություններ չի անում, կաթողիկոս էլ է անվանում, Գարեգին Երկրորդ էլ է անվանում։ Ի տարբերություն այլ թեկնածուների, որոնք կարծում էին՝ կաթողիկոսին հայհոյելը բերելու է ինչ-որ ձայներ։ Ի դեպ, դա էր [այլոց] տապալման պատճառը։
Նիկոլ Փաշինյանն էլ է զգուշավոր։ Հիշում եք՝ նա պիտի գնար Էջմիածին, «գրավեր»։ Ինձ թվում է՝ նա հասկացել է, որ դա սխալ քաղաքականություն է և կարող է բերել նոր Մարտի 1-երի՝ արդեն ընդդիմության գործունեության, այն է՝ զինված լինելու արդյունքում։ Ակնհայտ է, որ ընդդիմությունն ունի նման լծակներ։
Կարծում եմ՝ Փաշինյանը Գարեգին Բ-ի հանդեպ քայլերի դեռ չի գնա՝ հաշվի առնելով Պուտինի դերը, մեդալները [կաթողիկոսի և նրա եղբոր՝ Եզրաս Սրբազանի]․․․ Վստահ եմ, որ դա ազդակ էր։
Պուտինը հենց այնպես ոչ ոքի մեդալ չի տալիս։ Դրանով ցույց է տալիս, որ այո, կողքի հոգևորականներին ձեռք տալ կարելի է, բայց Գարեգին Երկրորդը պետք է մնա իր տեղում։ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է գնալ Պուտինի հետ առճակատման, թե ոչ՝ դա արդեն ինքը գիտի։ Այս պահին չեմ տեսնում, թե Գարեգին Բ-ի նկատմամբ քայլերի կգնա։
Նա ապալեգիտիմացնում է կաթողիկոսին, ինչը Փաշինյանի տեսանկյունից ճիշտ է։ Ոչ թե ուղիղ նրա դեմ պետք է դուրս գալ, այլ ցույց տալ, որ ժողովրդի լայն զանգվածները չեն աջակցում իրենց հոգևոր առաջնորդին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք Վաղարշապատի ընտրությունների մասին