Կարծիք․ ինչո՞ւ Պուտինի բախտն էլ չի բերում
Տարիներ շարունակ հաջողությունն ուղեկցում էր Վլադիմիր Պուտինին։ Նավթի և գազի ռեկորդային գները, արևմտյան աշխարհի առաջնորդների զիջողամիտ վերաբերմունքը, սեփական բնակչության հնազանդությունը թույլ էին տալիս Ռուսաստանի նախագահին այնպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն վարել, որն ինքը միանձնյա էր նախանշում։ Ընդ որում, եթե անգամ ռուսաստանցիների վստահության և հավանության վարկանիշը նվազում էր, ապա աննշան կերպով։
Եվ հանկարծ․․․
Ինչ էր, ինչ դարձավ
Վլադիմիր Պուտինին չորրորդ անգամ նախագահ են ընտրել յոթ ամիս առաջ։ Այդ ընթացքում․
• ռուբլին 25%-ով արժեզրկվել է։
• Աճել են բնակչության հարկերը։
• Արժեզրկման հանդեպ վերահսկողությունը կորել է․ բնակչության իրական ծախսերը եկամուտներից կրկնակի արագ են աճում։
• Տարբեր կոնֆլիկտների պատճառով փչացել են հարաբերությունները Հունաստանի, Շվեյցարիայի, Իսրայելի՝ Ռուսաստանի հանդեպ քիչ թե շատ չեզոք երկրների հետ։
• Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և նրա արտաքին քաղաքական ուղղությունն ավելի ու ավելի պակաս ռուսամետ է դառնում։
• Պրիմորյեում սկանդալ տեղի ունեցավ, որտեղ կոպիտ խախտումների պատճառով ստիպված էին չեղարկել մարզպետի ընտրությունները։
• «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության թեկնածուները մարզպետի ընտրություններում պարտվել են երեք շրջաններում։
• Եկեղեցական պառակտում սադրեցին, որը Ռուսաց ուղղափառ եկեղեցուն սպառնում է եկամուտների մեկ երրորդի կորստով։
• Ռուսաստանից հաճախորդներին սկսել են կասկածով վերաբերվել Կիպրոսի, Շվեյցարիայի, իսկ այժմ՝ նաև Չինաստանի բանկերը։
• Պարտված են դատերն Ուկրաինայում, Գազպրոմը չի կարող գումար փոխառել մեգանախագծերի համար։
• Արտասահմանյան ներդրողները դադարել են միջոցներ ներդնել ռուսական պարտատոմսային պարտավորությունների մեջ, և դրանք արժեզրկվել են 12%-ով։
• Սիրիայում (որտեղից «զորքերը դուրս են բերվել») 15 սպա է զոհվել, ինքնաթիռ է կործանվել՝ արդեն տասներորդը։
• Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման արդյունքում Ռուսաստանի դեմ սառը պատերազմից ի վեր աննախադեպ պատժամիջոցներ են կիրառվել ի հավելումն նրանց, որոնք ավելի վաղ էին կիրառվել Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի հարավ-արևելքում կատարվող իրադարձություններին միջամտելու համար։
• Ռուսական իշխանությունները ստիպված էին հայտարարել կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին։
Ինչո՞ւ է բախտը երես թեքել
Բազմաթիվ փորձագետներ տարիներ շարունակ զգուշացրել են․
• տնտեսությունը, որը 65%-ով կախված է էներգակիրների առևտրից, կայուն չէ։ Վաղ թե ուշ անոմալ բարձր գներով ածխաջրածնի ժամանակները կավարտվեն։
• Ռուսաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է սկսել կրել, կոռուպցիոն եկամուտները տասնյակ միլիարդ դոլարով են հաշվարկվում, և դա անխուսափելիորեն կհանգեցնի բնակչության դժգոհությանը։
• Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ագրեսիվ արտաքին քաղաքականություն։ Նրա տնտեսությունը չափազանց կախված է գլոբալ տնտեսությունից, իսկ դաշանկիցները ծայրահեղ սակավաթիվ են և ոչ ազդեցիկ։
Վլադիմիր Պուտինն ու նրա շրջապատն անտեսել են այդ զգուշացումները։ Հնարավոր է, որ նրանք էլ են հավատացել նրա լեգենդար հաջողակությանը, և Ռուսաստանում վերջին յոթ ամսում կատարվող իրադարձությունները նրանց համար անսպասելի էին։ Հնարավոր է, որ նրանք պարզապես կառավարման նոր՝ ժամանակակից և քաղաքակիրթ մեթոդներ չգիտեն։
Ամեն դեպքում, հիմա․․․
Ի՞նչ է լինելու
Իրենց համար անսպասելի կերպով բախվելով մի շարք լուրջ խնդիրների՝ ռուսական ղեկավարությունն ընտրության առաջ կանգնեց․ մեղմե՞լ ռեժիմը, թե՞ «էլ ավելի ձգել ամրակները»։
Դատելով վերջին գործողություններից՝ ընտրությունն արվել է հօգուտ վերջին տարբերակի։
• Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցերը ճնշվում են կոպիտ ուժի օգնությամբ։
• Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին վարչական մի պատժի հետևից մյուսն է կրում։
• Պետական լրատվամիջոցներում աճում է պրոպագանդիստական արշավը, որի նպատակը բնակչությանը համոզելն է, որ Ռուսաստանի բոլոր անհաջողությունների համար մեղավոր է Արևմուտքը և Ուկրաինան։
• Աճում են զանգվածային անկարգությունների դեմ պայքարի համար նախատեսված ոստիկանական ստորաբաժանումների պահման գումարները։
Սակայն եթե ուշադիր նայենք, կնկատենք, որ ռեժիմի ողջ քաղաքական խստացումը ծայրահեղ անհետևողական, գրեթե քաոտիկ բնույթ է կրում։ Իսկ դրա արդարացման պրոպագանդիստական ջանքերն արդեն հիստերիա են հիշեցնում։
Դա նշանակում է, որ ոչ մի համակարգային պատասխան կուտակված խնդիներին Ռուսաստանի նախագահը չունի։ Նա նախկինի պես հաջողության վրա է հույսը դնում։ Արդյո՞ք արդարացվում է այդ հաշվարկը։ Դեռևս մարտահրավերները միայն աճում են, իսկ անկայունությունը՝ մեծանում։ Դա պետք է Ռուսաստանի պես մեծ երկրի բոլոր հարևանների մոտ զգուշավորություն առաջացնի, որն ունի քիմիական արտադրություններ, ատոմային էլեկտրակայաններ և աշխարհում երկրորդ միջուկային ռազմական ներուժը։