Եթե շունը Բաքվում տուն ունի, նրա բախտը շատ է բերել: Մեծ մասամբ ադրբեջանցիները հակված չեն տանը կենդանիներ պահել, հատկապես՝ շներ, քանի որ տանտիրուհիները շատ լուրջ են վերաբերվում տան մաքրությանը: Եթե կատուներին Մուհամեդ մարգարեն ասել է չնեղացնել, ապա շների բախտն այդ առումով ավելի քիչ է բերել. այն իսլամում ոչ երկիմաստ ձևով կեղտոտ կենդանի է հայտարարված:
Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանցից հեռու են մնում, ինչպես ժանտախտից. ադրբեջանական իսլամը բնավ ոչ այդքան ծայրահեղական է: Բաքվում հանդիպում են նաև շուն պահողներ՝ դոբերմաններով կամ բոլոնյան շներով, կան նաև պահակաշներ, փողոցային շներ: Կա շնաբանների միություն, ամեն տարի անցկացվում են շների միջազգային ցուցահանդեսներ: Սակայն պատմականորեն այնպես է դասավորվել, որ փողոցային շներից այստեղ ավելի շուտ վախենում են, քան խղճում:
Երբեմն այնպիսի տպավորություն է լինում, որ կատուները գրավել են քաղաքի կենտրոնը, իսկ շներին դուրս մղել քաղաքի ծայրամասեր, որտեղ, ի դեպ, նրանք ոչ անվտանգ ոհմակներ են կազմում: Ֆեյսբուքում Բաքվի բնակիչների միջև այդ առթիվ ժամանակ առ ժամանակ մարտեր են սկսվում. ի՞նչ անել այդ փաստացի վայրի կենդանիների հետ: Նրանց համար ապաստաններ կառուցե՞լ, թե՞ ոչնչացնել:
2010-ականների սկզբին անտուն շների հարցերով սկսեց զբաղվել «շան արկղը»: Շներին սպանում էին՝ ակնհայտ սահմանն անցնելով. օրինակ՝ բակերում երեխաների աչքի առջև: Կենդանիների պաշտպաններն արագ արձագանքեցին. սոցցանցերում անցկացրած քննարկումների և մամուլում հրապարակված ցասումնալից հոդվածների արդյունքում կառավարությունը հարցն իր վերահսկողության տակ առավ: Շների ոչնչացումը դադարեց; Հեյդար Ալիևի հիմնադրամը ֆինանսավորեց ապաստանի և անտուն կենդանիների փրկության կենտրոնի՝ IACC-ի շինարարությունը (բացվել է այս տարվա մայիսին): Կան նաև այլ ապաստարաններ, դրանք պահպանվում են կամավորների փողերի միջոցով, օրինակ Bars-ը և «Փոքրիկ արքայազնը»: Այստեղ կարելի է դիմել նաև այն ժամանակ, եթե ձեզ շուն է պետք, և կարևոր չէ, թե որ տեսակի: