«Այս վճռորոշ պահին կաջակցենք Հայաստանին»․ ԵՄ բարձր ներկայացուցչի այցը Երևան
Կայա Կալասի այցը Հայաստան
Հայաստանում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գործընկերները լրագրողներին հայտնել են՝ ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին։
Կայա Կալասի պարզաբանմամբ՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ առաքելություններին ողջ աշխարհում։
«Սա Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է։ Եվ այն ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը»,- հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ Վարդուհի Հարությունյանը շեշտում է՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում գոյություն ունեցող մեխանիզմները, թերևս, բավարար չեն հանրության սպասելիքներին համապատասխանելու համար։ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում նա հիշեցնում է՝ ԵՄ Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի 2024 թ․-ի հետազոտությունը, որի համաձայն՝ քաղաքացիների 75%-ը կցանկանար, որ «ԵՄ-ն ավելի մեծ դեր խաղար երկրի պաշտպանության ամրապնդման գործում»։
«Հաշվի առնելով պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ Եվրամիության ներսում այսօր ընթացող քննարկումները՝ Հայաստանի համար առավել շահեկան կլինի պաշտպանական ոլորտում համագործակցությունը եվրոպական առանձին երկրների հետ»,- նկատել է փորձագետը՝ օրինակ բերելով Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ Երևանի համագործակցությունները։
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կմեկնարկի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց
- ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան ևս 2 տարի․ ի՞նչ զարգացումների սպասել
- «ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել այլ բանով, ուզում է լինել անկախ»․ էկոնոմիկայի նախարար
«Երեք նշանակալի ձեռքբերում ենք արձանագրել»․ Միրզոյան
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ շրջանակային փաստաթղթի ստորագրումից բացի ևս երկու «նշանակալի ձեռքբերում» է արձանագրվել։ Դրանք են՝
- գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտը,
- պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը:
Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկն, ըստ նրա, «վճռորոշ քայլ» է, որն ուղղված է համագործակցության շրջանակը ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելուն և դրանց հաղթահարման համար լրացուցիչ ջանքեր գործադրելուն։
«Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը»,- նկատել է Միրզոյանը։
«Հավակնոտ փաստաթուղթ է»․ նոր օրակարգի մասին
«Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու է Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- նկատել է ՀՀ արտգործնախարարը։
Միրզոյանի խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է գործակցության հավելյալ ոլորտներ, ուղղություններ ու գործիքներ։ Մանրամասները հանրությանն են ներկայացնելու առաջիկայում։
«Նոր օրակարգը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության և դիմակայության ոլորտներում»,- հայտարարել է Կայա Կալասը։
Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է՝ ձեռքբերված պայմանավորվածությունները ստեղծում են հիմքեր համագործակցությունը խորացնելու և ունեցած ինտենսիվ դինամիկան պահպանելու համար։
«ԵՄ-ն կշարունակի կանգնել Հայաստանի կողքին»
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նկատել է՝ Երևան է եկել հստակ ուղերձով, այն է՝ ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա։
Կալասը կարևորել է ժողովրդավարության և ազատության ՀՀ հանձնառության պահպանումը, հատկապես՝ հիբրիդային սպառնալիքների և արտաքին միջամտության պայմաններում։
«Պետք է այս վճռորոշ պահին աջակցություն տրամադրենք ՀՀ-ին։ ԵՄ-ն շարունակելու է կանգնել ՀՀ կողքին»,- նկատել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ փուլում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին աջակցություն տրամադրելու գործընթացը և արդյոք նորից Հունգարիան է վետո դնում դրա վրա, ինչպես 2024 թ․-ին։
Եվրոպական խաղաղության հիմնադրամը (European Peace Facility) գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին իրենց պաշտպանունակությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու, խաղաղությունն ամրապնդելու համար։
«ԵՄ-ն կազմված է 27 ժողովրդավարական երկրներից, ինչը որոշումներ կայացնելու գործընթացը դարձնում է բարդ։ Երբեմն որևէ երկիր կարող է արգելափակել որոշման ընդունումը։ Այո, չենք հասել դեռ որոշման, դա այդպես է։ Բայց մենք աշխատում ենք այդ հարցին լուծում գտնելու ուղղությամբ»,- արձագանքել է Կալասը։
Ի՞նչ են քննարկել Կալասն ու Միրզոյանը
Մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ԵՄ գործընկերոջ հետ քննարկել են՝
- ՀՀ՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրինագծի կիրարկման հնարավոր իրատեսական քայլերը,
- վիզային ռեժիմի ազատականացման ընթացքի վերաբերյալ հարցեր,
- տնտեսական կապերի խորացման ծրագրերը,
- տարածաշրջանային և Մերձավոր Արևելքի զարգացումները,
- հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը։
«Բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում ԵՄ ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները։ Ընդգծել եմ «Գլոբալ դարպաս» ռազմավարության և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համադրելիությունը, փոխլրացնելու ներուժը»,- շեշտել է Միրզոյանը։
Փորձագիտական կարծիք
«Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ, միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը ստորագրվելու է մոտ ժամանակներս։ Ասում է՝ որոշ աղբյուրներ վկայում են՝ փաստաթղթում անդրադարձ կա նաև անվտանգային ոլորտին։
Հիշեցնում է՝ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիները Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը դիտարկում են Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության բարձրացման կտրվածքով։
Կարծում է՝ ՀՀ-ի համար ավելի շահեկան կլինի պաշտպանական ոլորտում գործակցել եվրոպական առանձին երկրների, այլ ոչ թե Եվրամիության հետ։ Շեշտում է՝ ԵՄ-ն պաշտպանական կառույց չէ․
«Եվրոպայի անվտանգությունն այսօր մեծապես կախված է ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից»։
Հարությունյանի դիտարկմամբ՝ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության պայմաններում Եվրամիության գերխնդիրը ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու ռազմավարության մշակումն է, սեփական անվտանգային համակարգի ձևավորումը։
«Չնայած Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առանցքային ուղղությունը չի կարող լինել պաշտպանությունը, այնուամենայնիվ, Երևանն ու Բրյուսելը սկսել են աստիճանաբար ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում, որը ներառում է ՀՀ անվտանգության համակարգի ամրապնդմանն ուղղված որոշ մեխանիզմներ»,- պարզաբանում է նա։
Անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ գործակցության օրինակ է բերում՝
- 2024 թ․-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 10 մլն եվրոյի չափով ոչ մահաբեր ռազմական օգնության տրամադրումը,
- 2025 թ․-ին ԵՄ-ում և Բելգիայում Հայաստանի ռազմական կցորդի նշանակումը։
Միջազգայնագետն ասում է՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը հանրության մի զգալի հատված կապում է ԵՄ կողմից հնարավոր պաշտպանական երաշխիքների տրամադրման հետ․
«Պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն ինքը անվտանգություն արտահանող կառույց չէ և չի կարող լիարժեք ապահովել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող անվտանգային պահանջները»։
Նկատում է՝ ՀՀ-ի համար հսկայական մարտահրավեր է լինելու ԵԱՏՄ-ից դուրս գալն ու ԵՄ տնտեսական համակարգին ինտեգրվելը, ինչպես նաև կայուն ժողովրդավարական ինստիտուտներ, օրենքի գերակայություն և ԵՄ արտաքին քաղաքականությանը համահունչ գործելակերպ ունենալը։
Փորձագետը շեշտում է՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելը հնարավոր չէ դիտարկել որպես երկրի անվտանգային կամ տնտեսական խնդիրների հասցեագրման «արագ լուծում», այն դեռ երկարաժամկետ նպատակ է։
«Հայաստանը պետք է մշակի բազմաշերտ, հավասարակշռված և բալանսավորված արտաքին քաղաքականություն, որը, առաջին հերթին, կենտրոնացած կլինի սեփական ինստիտուցիոնալ կայունության և ներքին համախմբման վրա՝ միաժամանակ բաց պահելով դուռը եվրոպական ինտեգրման և ԵՄ-ին անդամակցության հեռանկարի առաջ»,- շեշտում է նա։
Անդամակցությունն, ըստ Հարությունյանի, պետք է դիտարկել ոչ թե որպես միակ նպատակ, այլ որպես երկարաժամկետ ռազմավարական հետևանք։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կայա Կալասի այցը Հայաստան