Ծխողների կյանքը Վրաստանում կտրուկ փոխվել է։ Նոր կարգավորումների ու արգելանքների մասին
2018թ-ի մայիսի 1-ից Վրաստանում օրենքն արգելում է ծխել հասարակական վայրերում։ Ընդհանրապես, շատ քիչ վայրեր կան որտեղ կարելի է ծխել առանց տուգանքի կամ վարչական տույժի ենթարկվելու։ Ներդրվել են նաև շատ կոնկերետ կանոններ այն մասին, թե որտեղ և ինչ կարգով կարելի է ծխախոտ, թութուն կամ ծխելու հետ կապված որևէ պարագա վաճառել։
«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել 2017-ի մայիսի 17ին։ Փոփոխությունների նախաձեռնողը խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գուգուլի Մագրաձեն է:
Որտե՞ղ չի կարելի ծխել
Ծխելն ամբողջությամբ արգելվում է.
[yes_list]
- սրճարան-բարերում
- ռեստորաններում
- այլ վայրերում, որտեղ մարդիկ ուտելու են գալիս,
- գեղեցկության սրահներում
- խանութներում
- առևտրային կենտրոններում
- մասնավոր գրասենյակներում
- գործարաններում և ֆաբրիկաներում, արհեստանոցներում
- պահեստներում
- տերմինալներում
- հանրային տրանսպորտի բոլոր տեսակներում, այդ թվում՝ նավերում, մոտորանավերում և անգամ մակույկներում
Մարզադաշտերի համար հատուկ կարգավորում է նախատեսվում. ծխելը կարող է թույլատրվել տարածքի 50%-ում, սակայն ծխողներին չծխողներից մեկուսացնելու պայմանով:
Ծխելու կանոնների խախտման համար նախատեսված տույժերը
Շենքում կամ դրա տարածքում ծխելու համար նախատեսվում է տուգանք 500 լարիի չափով, կրկնակի խախտման դեպքում տուգանքը կրկնապատկվում է:
Ծխելը բնակելի շենքերի մուտքերի, տանիքների և վերելակների մեջ պատժվում է 50 լարի տուգանքով, կրկնակի խախտման դեպքում տուգանքը կրկնապատկվում է:
Կանոնների խախտման դեպքում կազմակերպությունը կվճարի 500 լարի, կրկնվող խախտման դեպքում տուգանքի չափը կրկնապատկվի:
Հասարակական տրանսպորտի վարորդը աշխատանքի վայրում ծխելու դեպքում կտուգանվի 500 լարի, կրկնվող խախտման դեպքում տուգանքը կրկնապատկվում է:
Հասարակական տրանսպորտում ծխելու համար ֆիզիկական անձը կվճարի 50 լարի, կրկնվող խախտման դեպքում տուգանքը կրկնապատկվում է:
Որտեղ կարելի է ծխել
- սեփական տանը
- ծխախոտի ծխի ուսումնասիրման հատուկ լաբորատորիայում
- քրեակատարողական հաստատություններում
- ժամանակավոր կալանավայրում
- սիգար բարերում, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և թույլտվություն օրենքի պահանջներին համապատասխան
- կազինոյում
- օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ սրահում, որը հագեցած է օդափոխության համակարգով, որտեղ չի կարելի սնունդ և խմիչքներ բերել
- հոգեբուժական և պալիատիվ խնամքի հիվանդանոցներում և բարդ հիվանդությունների բուժման հաստատություններում
Անգամ ծխախոտի տեսքն ապօրինի կլինի
Ծխախոտի ցանկացած հանրային ցուցադրում արգելվում է լրատվամիջոցներում, ֆիլմերում և ներկայացումներում, եթե իհարկե դա պատահական չի մտել կադրի մեջ կամ բեմադրության հատուկ հնարք չէ: Բացառություն է նաև ուղիղ եթերում կադրում հայտնված ծխախոտը։
Խաղարկություններում ծխելու հետ կապված ոչինչ հնարավոր չի լինի առաջարկել, այդ թվում՝ աքսեսուարներ և ծխելու պարագաներ:
Ծխախոտը կանհետանա բոլոր ցուցափեղկերից և վաճառասեղաններից, ինչպես առևտրային կենրտոնի ներսում, այնպես էլ դրսում:
Այնտեղ, որտեղ այնուամենայնիվ կթույլատրվի ծխախոտի վաճառքը՝ ոչ մի կերպ չցուցադրելով այն ցուցափեղկում կամ վաճառասեղանում, մեծ պաստառ կփակցվի, որի վրա ներկայացված կլինի օրենքով հաստատված բժշկական նախազգուշացում, ինչպես նաև մասնագետի կողմից ծխելը թողնել ցանկացողի համար խորհրդատվության տրամադրման համար հեռախոսահամար: