Ամանորին քիչ ժամանակ է մնում: Շատերն են մտածում՝ ի՞նչ նվիրեն սիրելիներին ու հարազատ մարդկանց: Գործն էլ ավելի է դժվարանում, երբ նվերներ պետք է գնես միանգամից մի քանի հոգու համար:
Դեկտեմբերի 19-20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում էր ամենամյա ցուցահանդես վաճառք, որը կոչված էր օգնել նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, նրանց համար, ովքեր պարզապես գեղեցիկ իրեր են սիրում, նրանց, ով՝ երևակայություն ունի, թե ոչ, բայց տառապում է գնումներ կատարելու մոլուցքով:
Հայաստանի տարբեր ծայրերից մարդիկ բերել էին իրենց ձեռքի աշխատանքները՝ զարդերից մինչև տոնածառի խաղալիքներ, մոմեր և քաղցրավենիք:
ArmTab դյուրակիր համակարգիչները նախագծվում և հավաքվում են Հայաստանում: Տոնավաճառի երկու օրերին այցելուները հնարավորություն ունեին ձեռք բերել պլանշետները, որոնք ցուցահանդես-վաճառքին էլ սահմանփակ քանակությամբ էին ներկայացված: Սարքերը խանութներում չեն վաճառվում, արտադրվում են արտահանման և դպրոցական ուսուցողական ծրագրերի համար:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն տոնավաճառ էր բերել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վարպետների և տարբեր խմբակներում սովորող դպրացականների պատրաստած հուշանվերներն ու ամանորի զարդարանքները:
Տոնավաճառին ակտիվ մասնակցում էին հատկապես երիտասարդ աղջիկները՝ տաղավարների մի զգալի մասում ձեռագործ կանացի զարդեր էին վաճառում: