19 հայ փորձագետներ Ադրբեջանում են․ «Խաղաղության կամուրջի» չորրորդ հանդիպումը
«Խաղաղության կամուրջի» չորրորդ հանդիպումը
Հայաստանի քաղհասարակության 19 ներկայացուցիչներ Ադրբեջանում են։ Ապրիլի 10-12-ը նրանք ադրբեջանցի 20 փորձագետների հետ մասնակցելու են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված երկկողմ կլոր սեղան-քննարկմանը։
Սա երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների թվով չորրորդ հանդիպումն է։ Հայ փորձագետներն Ադրբեջան են մեկնել երկրորդ անգամ։
Ի տարբերություն 2025 թ․-ի նոյեմբերին կազմակերպված այցի՝ այս անգամ նրանք հարևան երկիր են հասել ոչ թե օդային, այլ ցամաքային ճանապարհով, մասնավորապես՝ Տավուշ-Ղազախ սահմանազատված և սահմանագծված հատվածով և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր ընթացակարգերը։ Նույն ճանապարհով այս տարվա փետրվարին ՀՀ էին եկել ադրբեջանցի փորձագետները՝ դա բնորոշելով որպես «խորհրդանշական քայլ»։
Հայաստանից նախաձեռնության աշխատանքները համակարգում է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնը։ Կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ում և Ադրբեջանում կազմակերպվող հանդիպումները պետք է դիտարկել որպես «երկաթյա վարագույրի պատռման փորձեր»։
«Խաղաղության կամուրջի» աշխատանքներում ներգրավված հայ փորձագետները նախաձեռնությունը համարում են ուղիղ երկխոսության լրացուցիչ հարթակ։ Կարծում են՝ կանոնավոր շփումները կարող են էականորեն նպաստել փոխվստահության ամրապնդմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։
Այս պահին հայտնի տեղեկությունները
- Ադրբեջանցի 19 փորձագետներ ՀՀ են մուտք գործել Տավուշ-Ղազախ սահմանազատված հատվածով
- «Լավագույն ընկերներ չենք դառնա, բայց ադրբեջանցիների ընկալումները կփոխվեն»․ հայ քաղաքագետ
- Երևանում հանդիպում են ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները․ ի՞նչ սպասել
Ի՞նչ է հայտնի հանդիպման օրակարգի մասին
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թ․-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգի շրջանակներում։
Հաղորդագրության համաձայն՝ երկօրյա կլոր սեղան-քննարկումների օրակարգը ներառում է հետևյալ հարցերը՝
- խաղաղության գործընթացի ներկա վիճակը,
- «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները,
- տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը»,- հայտնել են կենտրոնից։
Վերլուծական կենտրոնից շեշտել են, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների միջև խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը։
Նախապատմություն
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումը կազմակերպվել էր 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 21-22-ը, Բաքու էին մեկնել հայ փորձագետները։ Այդ ժամանակ ՀՀ կառավարությունը շուրջ 17,5 միլիոն դրամ էր հատկացրել Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքները կազմակերպելու համար։
Երկրորդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումներն ու փոխայցելությունները, իսկ նախաձեռնությունն անվանել են «Խաղաղության կամուրջ»։
Ի սկզբանե նախաձեռնության կազմում յուրաքանչյուր երկրից 5 փորձագետ էր ներգրավված։ Այս տարի, սակայն, մասնակիցների կազմն ընդլայնվեց։
2026 թ․-ի փետրվարի 13-14-ը ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կազմակերպված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին հայկական կողմից մասնակցում էին 20, ադրբեջանական կողմից՝ 19 փորձագետներ։
Այդ փուլից սկսած աշխատանքներում ներգրավված է նաև JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, խմբագիր Նաիրա Մարտիկյանը, ով նույնպես այժմ գտնվում է Ադրբեջանում։
Երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների օրակարգում հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլին ու զարգացման ուղիներին առնչվող ամենատարբեր հարցեր են՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից մինչև հաղորդակցությունների բացում։
Նախաձեռնության շրջանակում փորձագետները հանդիպումներ են ունենում նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրինակ՝ նախորդ տարվա աշնանը հայ փորձագետները Բաքվում գտնվելու ընթացքում հնարավորություն էին ունեցել հանդիպելու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Ադրբեջանցի փորձագետները, իրենց հերթին, ՀՀ-ում գտնվելու ընթացքում հանդիպել էին Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Խաղաղության կամուրջի» չորրորդ հանդիպումը