Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Մուրադովը վստահեցրել է՝ ռուս խաղաղապահները վերջնականապես կլուծեն հայ ռազմագերիների վերադարձի հարցը։
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, և հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, դրական միտում կա, կա փոխըմբռնում։ Կարծում եմ՝ այդ հարցն ամբողջությամբ պետք է փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն այդ գործն ավարտին կհասցնեն», — ՏԱՍՍ–ին ասել է ՀՌՕ զորքերի փոխհրամանատարը։
Մուրադովի գնահատմամբ՝ գերիների վերադարձին ուղղված աշխատանքը խաղաղապահի քաղաքացիական պարտքն է։
Խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Մուրադովը խոսել է նաև ռազմագերիների զգացողությունների մասին։
«Որպես զինվորական` հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ գտնվելու ընթացքում։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ Բաքու մեկնեցինք և վերադառնալով` տեսա արդեն Երևանի «Էրեբունի» օդանավակայան ժամանած զինծառայողների դեմքերը։ Արցունքներ էին․ չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է նա։
Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Բաքվից Հայաստան վերադարձան ևս 10 հայ ռազմագերիներ։ Նրանք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին 2021 թ․-ի նոյեմբերի 16-ին, երբ իրադրությունը սրվել էր սահմանի արևելյան ուղղության վրա։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 126 հայ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ դեռևս գերության մեջ են պահվում մի քանի տասնյակ հայեր։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հայտարարում է, թե արդեն իսկ վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող ՀՀ քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։