Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպառնացել են: Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ավանեսյանը հրապարակավ հայտարարել է, որ սպանելու է իրավապաշտպանին. «Կրակելու եմ 2-3 մետրից 9մմ տրամաչափի փամփուշտով»:
Սպառնալիքը տեղադրվել է Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառման տակ: Իրավապաշտպանը իշխանություններին մեղադրող հայտարարություն էր հնչեցրել՝ գրելով. «Ես մի բան չեմ հասկանում, ուրեմն օրը ցերեկով առնվազն տասը մարդ եք սպանել, ապօրինաբար բանտարկել եք տարիներով, զրկել եք ունեցվածքից, տնից տեղից, հարյուր հազարավորները թողել, գնացել են պետությունից, ընկել են չոլերը՝ փախչելով Ձեր անպատիժ անարդարություններից, դեռ համարձակվում եք Ձեր մանկլավիկների միջոցով Ձեր հակամարդկային քաղաքականության, իշխանության դեմ դուրս եկածների հասցեին էլ հաչա՞ք…»:
Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը մեկնաբանություն էր թողել գրառման տակ, ուր ասվում է նաև. « Դու Ալիևի ագենտն ես, քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից. 2-3 մետրից, 9մմ տրամաչափի փամփուշտով. Սպասիր ինձ Սաքունց»: