Իրան-Իսրայել սրացումն ու ՀՀ տնտեսությունը․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ
Իրան-Իսրայել սրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
Չորրորդ օրը շարունակվող իրանա-իսրայելական թեժ հակամարտության ֆոնին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր անդրադարձել են այն խնդիրներին, որոնց կարող են բախվել ՀՀ տնտեսությունն ու տնտեսվարողները։
Շեշտել են՝ խնդիրները հիմնականում կապված են Իրանից դեպի Հայաստան մատակարարումների հետ։
«Մատակարարումներն Իրանի տարածքով կարող են խաթարվել, երկարել կամ թանկանալ, եթե իրավիճակը սրվի»,- հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձանագրել է՝ այդ խնդիրները շատ փոքր չափով են գտնվում ՀՀ տիրույթում։
Իրանն ու Իսրայելը փաստացի պատերազմի մեջ են հունիսի 13-ից։ Նախ Իսրայելն էր հարվածներ հասցրել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին, սպանել բարձրաստիճան զինվորականների և միջուկային ոլորտի գիտնականների։ Այնուհետև Թեհրանն էր պատասխանել՝ արձակելով անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ։ Թեժ հակամարտությունը շարունակվում է։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում արձանագրված զոհերի թիվը հասել է 224-ի։ Իսլամական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ դրանց 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են։ Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 24 խաղաղ բնակիչ է զոհվել։
- «Խնդիրները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման»․ Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան
- «ՀՀ-Իրան սահմանային անցակետից ռուսների դուրսբերումը կարմիր գիծ չէ ՌԴ համար»․ կարծիքներ
- «ՀՀ-ն պետք է օգտագործի իր խաղաքարտը ճանապարհների ապաշրջափակման հարցում». թուրքագետ
«Հայ տնտեսվարողները մի շարք խնդիրների են բախվել»
Ազգային ժողովի պատգամավորներն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվել են՝ ինչ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա Իրանի և Իսրայելի միջև ընթացող հակամարտությունը։ Պապոյանը պատասխանել է, որ որոշ տնտեսվարողներ արդեն իսկ մի շարք խնդիրների են բախվել․
«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել։ Մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած»։
Նախարարի փոխանցմամբ՝ ներկա պահին բազմաթիվ խնդիրներ ունեն ինչպես արտահանողները, այնպես էլ Իրանից և Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծողները։
Պապոյանի հույս է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կավարտվի, ինչից հետո Հայաստանի տնտեսվարողները կշարունակեն ազատ առևտուր իրականացնել Իրանի տարածքով՝ այնպես, ինչպես նախկինում։
«Չենք շտապում եզրակացություններ անել»
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ ՀՀ տնտեսության վրա Իրանի և Իսրայելի միջև հակամարտության թեժացման ազդեցությունը մեծապես կախված է ընթացիկ սրացման աստիճանից և տևողությունից:
Ասում է՝ տնտեսական իրավիճակի վատթարացման սցենարներ էին քննարկվում նաև 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Նախարարի խոսքով՝ իրականությունը եղավ «մի փոքր այլ կերպ» և ունեցանք «ավելի դրական զարգացումներ»։
«Հիմա էլ չենք շտապում եզրակացություններ անել: Մեր անելիքները մնում են նույնը»,- նկատել է նա։
Նախարարը վստահ է՝ գործընկերները, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում զբաղվում են ստեղծված իրավիճակում Իրանի միջոցով իրականացվող լոգիստիկ մատակարարման հարցերի կազմակերպմամբ: Ինքը՝ Հովհաննիսյանը, «անմիջականորեն ներգրավված» չէ այդ աշխատանքներում։
Կարծում է՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցության համար պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, ուստի անհրաժեշտ է հետևել զարգացումներին և հասկանալ՝ ինչ քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար։
«Հնարավոր են տարբեր զարգացումներ: Մեր բյուջետային փաստաթղթերում դիտարկում և գնահատում ենք նաև ռիսկային սցենարները: Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5.1-ի փոխարեն լինել 1.3 տոկոս»,- նկատել է Հովհաննիսյանը։
Մեկնաբանություն
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․
«Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա, մասնավորապես՝
- իրանական և իսրայելական արժույթները կտրուկ կարժեզրկվեն, մարդիկ կնախընտրեն գումարներն ապահով հանել երկրից,
- կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,
- տարածաշրջանի բեռնափոխադրման տևողությունը և արժեքը կավելանան,
- էներգակիրների գների տատանումներ կգրանցվեն,
- ներդրումների և անշարժ գույքի գրավչությունը կնվազի տարածաշրջանում,
- ենթակառուցվածքային ծրագրերը կսառեցվեն անորոշ ժամկետով,
- կոնֆլիկտի սառեցման ժամանակահատվածներում մարդկանց որոշակի տեղաշարժ կգրանցվի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրան-Իսրայել սրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա