«Այցը Հայաստան՝ հարևան երկրներ առաջնահերթ ուղևորությունների շարքից»․ Իրանի նախագահ
Իրանի նախագահի այցը Հայաստան
Իրանի նախագահը Երևան է ժամանել պաշտոնական այցով օգոստոսի 18-ին, սակայն այդ օրվա համար Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներ նախատեսված չէին։ Պաշտոնական հանդիպումները սկսվել են օգոստոսի 19-ին։ Արդեն տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տևել է մոտ մեկուկես ժամ։ Այնուհետև կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ։ Ստորագրվել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ պետության ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Սակայն դրանց բովանդակությունը դեռևս հայտնի չէ։
Այն ամենը, ինչ արդեն հաղորդվել է բանակցությունների մասին, Փաշինյանի և Փեզեշքիանի հայտարարությունները դրանց ավարտից հետո, ինչպես նաև այն մասին, թե ինչ էր պատրաստվում քննարկել Իրանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ։
- «Իրանն ու Հայաստանը նույնական դիրքորոշում ունեն»․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
- «ՀՀ-Իրան սահմանային անցակետից ռուսների դուրսբերումը կարմիր գիծ չէ ՌԴ համար»․ կարծիքներ
- Չաբահար նավահանգիստը կօգնի՞ ՀՀ-ին հաղթահարել դեպի ծով ելք չունենալը․ կարծիք
Երևանը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման 10 հուշագիր
Բանակցությունների արդյունքներով Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը ստորագրել են համատեղ հայտարարություն։ Փաստաթղթի բովանդակության վերաբերյալ որևէ մանրամասն հրապարակման պահին դեռ հայտնի չէ։ Բացի այդ, կողմերը ստորագրել են փոխըմբռնման 10 հուշագիր։
Երկու երկրների արտգործնախարարները կնքել են 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր։ Ապա Հայաստանի և Իրանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են հուշագրեր՝
- ստանդարտացման, վերիֆիկացիայի, համապատասխանության գնահատման, մետրոլոգիայի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում համագործակցության,
- տուրիզմի ոլորտում փոխգործակցության,
- 2025-2029 թթ. մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության,
- քաղաքաշինության և ճանապահաշինության ոլորտում փոխգործակցության,
- բժշկական արտադրության ոլորտում համագործակցության,
- Հայաստանի և Իրանի թանգարանների, գրադարանների ու Ազգային արխիվների միջև համագործակցության,
- կինոարտադրանքի փոխանակման ոլորտում փոխըմբռնման մասին։
Փաշինյանի և Փեզեշքիանի հայտարարությունները
Բանակցությունների ավարտից և բոլոր փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հայտարարություններով են հանդես եկել։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Իրանի նախագահի հետ համաձայնության են եկել, որ ժամանակն է երկու երկրների հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նրանք մանրամասնորեն քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատման և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Վարչապետը շեշտել է, որ այս հարցով Հայաստանի տեսլականը շարադրված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը «բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից»։
Հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար մեծ կարևորություն ունեն միջազգային սահմանների անձեռնմխելիությունն ու միմյանց հետ անխափան կապը, վարչապետը Փեզեշքիանին ներկայացրել է ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Ադրբեջանի հետ փոխակառավանակված խաղաղական համաձայնագրի մանրամասները։ Նա կրկին հավաստիացրել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության ու իրավասության փոխադարձ հարգանքի պայմաններում։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը, և ոչ թե որևէ երրորդ երկիր», — հայտարարել է Փաշինյանը։

Իրանի նախագահը կրկին հայտարարել է, որ «Իրանի համար Կովկասում խաղաղությունը ռազմավարական նշանակություն ունի, Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելուն»։ Եվ նա կրկին շեշտել է Իրանի դիրքորոշումը․ Կովկասում սահմանները պետք է մնան անփոփոխ և չդառնան աշխարհաքաղաքական մրցակցության առարկա։
«Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ակտիվացման, տրանզիտային երկաթուղային, ցամաքային ու ծովային ուղիների զարգացման հարցում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր շահեր։ Մեր երկրների ներուժի օգտագործումը, սահմանամերձ շուկաների զարգացումը, առևտրի ծավալների մեծացումն ու ազատ տնտესական գոտիների ստեղծումը՝ սրանք մեր երկրների համագործակցության ոլորտներն են, որոնց շուրջ մենք կառուցողական երկխոսություն ունեցանք», — հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։
Փաշինյան-Փեզեշքիան բանակցությունները չէին կարող շրջանցել «ամերիկյան ներկայության» հարցը
Նախապես հայտնի էր, որ այս այցի ընթացքում քննարկման հիմնական հարցերից մեկը կլինի Հայաստանի տարածքով ճանապահի գործարկումը, որը կկապի Ադրբեջանին նրա էքսկլավ Նախիջևանի հետ։ Այս ծրագիրը մտահոգություններ է առաջացնում Իրանում, քանի որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել այս նախագծին ամերիկյան կողմի մասնակցության շուրջ։ Հայաստանի իշխանությունները արդեն տրամադրել են իրանցի գործընկերներին դրա իրականացման մանրամասները, որոնք հիմնականում ցրել են նրանց մտահոգությունները։ Մասնավորապես՝ հավաստիացրել են, որ դա կկատարվի մասնակիցների ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ և «չի նշանակում ԱՄՆ-ի ներկայություն տարածաշրջանի անվտանգության ոլորտում»։
Սակայն Երևան մեկնելուց առաջ Մասուդ Փեզեշքիանը կրկին հայտարարեց՝
«Գոյություն ունեն մտահոգություններ ամերիկյան ընկերությունների տարածաշրջանում ներկայության վերաբերյալ, քանի որ նրանք ներկայացնում են մի ընկերության շահերը, իսկ ապագայում կարող են զբաղվել նաև այլ գործունեությամբ։ Մենք կքննարկենք այս հարցերը Հայաստանի պաշտոնական անձանց հետ։ Այլ հարցերով, այդ թվում՝ տեխնիկական, ինժեներական, շինարարական, հանքարդյունաբերական, գեղարվեստական, սոցիալական և տուրիստական, պատրաստվել են գերազանց փաստաթղթեր։ Նախատեսվում է դրանց ստորագրումը»։
Հայաստանը և Իրանը սահմանում են տնտեսական համագործակցության նոր նշաձողեր
Հայաստանն ու Իրանը վաղուց հայտարարել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները նախ 1 միլիարդ դոլարի, այնուհետև՝ 3 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության մասին։ Այս մասին հիշեցրել է Հայաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք կարող ենք արձանագրել, որ փաստորեն մոտեցել ենք 1 միլիարդ նշաձողին։ Եվ այժմ հետևողականաբար աշխատում ենք հաջորդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Այդ իմաստով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների ձեռներեցների համար», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենաշատ տեղեկությունները՝ համատեղ ճանապարհատրանսպորտային շինարարության մասին
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Իրանի ճանապահների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին քննարկել են համատեղ ճանապարհաշինության հարցերը։ Մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածը։ Խուդաթյանը շեշտել է, որ աշխատանքների տեմպերը բավարար են, Հայաստանը «բարձր է գնահատում իրանական շինարարական ընկերության ջանքերը»։
Նախարարները քննարկել են նաև տրանզիտային բեռնափոխադրումների սակագների վերանայման հնարավորությունը։ Նրանք պայմանավորվել են այս հարցի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծել։
Խուդաթյանն ու Սադեղին վերլուծել են նաև ավիացիայի ոլորտում համագործակցությանը։ Խոսքը գնում է Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր ավիահաղորդակցության ընդլայնման մասին։
Կողմերը համաձայնվել են ինչպես ճանապահային, այնպես էլ երկաթուղային ու նավահանգստային ոլորտներում նոր ծրագրեր իրականացնել։ Ինչպես ասել է բանակցությունների ավարտից հետո իրանցի նախարարը, նախնական համաձայնության են հասել՝
- Նորդուզում ևս մեկ կամուրջ կառուցել,
- գործող կամուրջը վերակառուցել,
- սահմանային տերմինալները բարեկարգել։
Նրա խոսքով՝ առանձնակի ուշադրություն է հատկացվել երկաթուղային ծրագրերին։ Մասնավորապես՝ նա շեշտել է Պարսից ծովը Սև ծովի հետ կապող երկաթուղային գծի ռազմավարական նշանակությունը։
«Իրանի տարածքում ճանապահն արդեն հասնում է Ջուղա։ Իսկ Ջուղա-Երևան ուղղությունը տեխնիկապես հաստատված է։ Այս ճյուղը կարող է առանցքային դեր խաղալ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպայի միջև տարանցիկ փոխադրումներ կազմակերպելու համար։ Հաշվի առնելով Հայաստանի ծովային ելք չունենալը՝ օրակարգում է ընդգրկվել նաև նավահանգստային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը։ Դրա համար նախատեսվում է օգտագործել հարավային իրանական նավահանգիստների՝ Պարսից և Օմանյան ծոցի ափերի լոգիստիկ ներուժը», — ասել է Ֆարզանե Սադեղին։
Իրանագետների հետ հանդիպում և Կապույտ մզկիթում նամազ
Նախօրեին Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հայաստանցի իրանագետների հետ և հայտարարել՝
«Համոզված եմ, որ ձեր բարյացակամ վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամաբ կարող է օգնել ընդլայնել հարաբերությունները, որպեսզի մենք միասին ավելի շատ խաղաղություն, հանգստություն, կայունություն, բարեկամություն և առաջընթաց բերենք մեր երկու ժողովուրդներին»։
Այնուհետև նա այցելել է Երևանի Կապույտ մզկիթ, որը Հայաստանում իրանական համայնքի մշակութային կենտրոնն է հանդիսանում։ Իրանական պատվիրակությունը նախագահի հետ միասին նամազ է կատարել Կապույտ մզկիթում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրանի նախագահի այցը Հայաստան