«Հայրս թոշակառու է, բայց բազմամիլիոնանոց բիզնես ունի». Վրաստանի նախկին վարչապետ
Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքը
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ իր հայրը պաշտոնապես զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և բազմամիլիոնանոց բիզնես է ստեղծել։
«Իմ ընտանիքն ունի միանգամայն օրինական եկամուտ, բացարձակապես օրինական ձեռնարկատիրական գործունեություն և ունեցվածք։ Եթե դա ձեզ հետաքրքրում է, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել ողջ ինֆորմացիան, եթե իսկապես հետաքրքրված եք, թե որտեղից [գումար] իմ հորը, որին դուք թոշակառու եք անվանում։
Հայրս գուցե թոշակառու է, բայց ունի բազմամիլիոնանոց բիզնես և անշարժ գույք, որը պաշտոնապես նրա սեփականությունն է, որը նա կուտակել է տարբեր միջոցներով: Այդ տեղեկատվությունը թաքցված չէ, ընդհակառակը, հանրային տեղեկատվություն է, ես այն կկիսեմ ցանկացած շահագրգիռ անձի հետ, այնպես որ ձեռնպահ մնացեք ստեր տարածելուց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին։
- Ծնողները 66,5 հազար դոլար են նվիրել․ Վրաստանի վարչապետի հայտարարագիրը
- Transparency International-ը կոռուպցիայի մեջ կասկածում է ավելի քան 160 վրացի պաշտոնյաների
Նախապատմություն
Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի խոսքով՝ Ղարիբաշվիլին գտնվում է ստուգման ենթակա անձանց ցուցակում, նրա ունեցվածքի՝ 2023 թվականի հայտարարագիրը կստուգվի։
«Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարագիրը ստուգվել է 2022 թվականի հաշվետու ժամանակաշրջանում։ Դա արվել է անկախ հանձնաժողովի պահանջով, մանրամասն ուսումնասիրվել է տրամադրված տեղեկատվությունը, և հայտարարագիրը դրական է գնահատվել։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա հայտարարագրին, որը ներկայացվել է վերջերս, ապա այն 2023 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար է։ Ղարիբաշվիլին գտնվում է ստուգման ենթակա անձանց ցուցակում, և հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով կստուգվի»,- ասել է հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը։
2024 թվականի մարտի 23-ին ներկայացրած հայտարարագրում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ 2023 թվականին ծնողներից նվեր ստացել է 150 հազար լարի [մոտ 55,6 հազար դոլար]։
Ո՞վ է նախկին վարչապետի հայրը և որտեղի՞ց նրան այդքան գումար
Նախկին վարչապետի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, գործազուրկ թոշակառու է, ով պաշտոնապես բիզնես չունի, թեև իր հայրենի Դեդոպլիստսկարոյում ունի հսկայական տուն և ընդհանուր 4,5 հեկտար հողատարածք։
Հանրային ռեեստրում առկա տվյալների համաձայն՝ Տարիել Ղարիբաշվիլին սկսել է հող գնել 2014 թվականին՝ որդու վարչապետ դառնալուց հետո։ Մինչ այդ, այսինքն՝ մինչև 2012 թվականը, Ղարիբաշվիլիի հայրը զբաղեցրել է գյուղի հոգաբարձուներից մեկի պաշտոնը և ունեցել է միայն ընտանիքի տունն ու հողատարածքը։ Այդ մասին նշվում է «Մտավարի» հեռուստաընկերության իրականացրած հետաքննության մեջ։
Միակ բիզնեսը, որը ներկայումս գրանցված է Ղարիբաշվիլիի հոր անունով, 50 տոկոս բաժնետոմսն է «Վրացական արմատներ» ՍՊԸ-ում։ Հանրային ռեեստրի քաղվածքներից պարզ է դառնում, որ Տարիել Ղարիբաշվիլին գինեգործական այս ընկերության բաժնետոմսերը գնել է 2023 թվականի փետրվարի 7-ին 200 հազար լարիով [մոտ 74 հազար դոլար]։ Այսինքն՝ մինչ այդ, այն տարիներին, երբ Տարիել Ղարիբաշվիլին որդուն տվել է 300 հազար լարի [մոտ 111 հազար դոլար], նա պաշտոնապես ոչ մի բիզնեսի սեփականատեր չի եղել։
Սեպտեմբերի սկզբին լրագրողներին հայտնի դարձավ, որ վարչապետը կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով՝ ընտանիքի տեղափոխության համար։
Կառավարական ինքնաթիռով Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիից Մյունխեն և Մյունխենից Թբիլիսի ուղևորությունն արժեցել է 34 հազար եվրո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ գումարը վճարել է վարչապետի հայրը։
Այդ ժամանակ վարչապետը լրագրողներին բացատրել էր, թե ինքն ապահովված ընտանիքից է, որը երբեք ֆինանսական խնդիրներ չի ունեցել։
Սակայն համացանցում կա Տարիել Ղարիբաշվիլիի՝ 2013 թվականի հարցազրույցը, որը նա տվել է ambebi.ge-ին որդու՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Տարիել Ղարիբաշվիլին այդ հարցազրույցում հիշեցրել է, որ ընկերների հավաքած գումարով է որդուն ուղարկել Ֆրանսիա՝ սովորելու, իսկ Ֆրանսիայում գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին ֆինանսապես օգնել է ընտանիքին՝ աշխատելով որպես մատուցող։
Տարիել Ղարիբաշվիլին նույնն ասել էր նաև ինը տարի առաջ Նինո Ջգարկավային տված հարցազրույցում։
«Մտավարի»-ի սյուժեից հայտնի էր դարձել, որ թոշակառու Տարիել Ղարիբաշվիլիի կալվածքի տարածքը հայրենի Խորնաբուժա գյուղում տարեցտարի ընդլայնվում է։ Փաստաթղթերի համաձայն՝ մեկ տարի առաջ վարչապետի հայրը գնել է հարևանի տունը և այժմ այնտեղ նոր շենք է կառուցում։
«Ղարիբաշվիլիի ընտանիքի՝ տների, բակի և լողավազանի կառուցման համար ծախսած գումարի մոտավոր գնահատականը զգալիորեն գերազանցում է ոչ միայն Տարիել Ղարիբաշվիլիի թոշակը, այլև այն եկամուտը, որը վարչապետը ստանում է աշխատավարձի տեսքով»,- ասված էր լրագրողական հետաքննությունում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքը